Հույս հայտնեց Եվրոբանկի տնօրենը
Անդրադառնալով երեկ ավարտված առեւտրի ֆինանսավորման միջազգային բանկային կոնֆերանսի արդյունքներին, Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրեն Մայքլ Դեւին կարծիք հայտնեց, որ այսուհետեւ հայկական ձեռնարկություններն ավելի մեծ ֆինանսավորում կհայցեն բանկերից, իսկ հայկական բանկերն ավելի մեծ կարողություններ եւ հմտություններ ձեռք կբերեն այդ ֆինանսավորումը տրամադրելու համար: Դրա հետեւանքով տնտեսությունը կզարգանա, իսկ Եվրոբանկի ֆինանսավորման ծրագրերը կավելանան: Մայքլ Դեւին վերստին կարեւորեց Հայաստանիՙ որպես երկրի ներդրումային վարկանիշ եւ հայկական բանկերի վարկանիշ ունենալը եւ հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների սկսած բանակցությունների արդյունքում մինչեւ տարեվերջ մեր երկիրը կունենա այդ վարկանիշը:
«Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նշեց, որ կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ստացան բիզնես շփումներ ունենալու միմյանց հետ եւ քննարկելու այս ոլորտում առկա խնդիրները: Կարեւորելով այս համաժողովի նշանակությունը, «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենը հայտնեց, որ ձգտելու են այն դարձնել ամենամյա: Մասնավորապես նման ցանկություն են արտահայտել օտարերկրյա մասնակիցները: Ինչ վերաբերում է կոնկրետ «Հայէկոնոմբանկին», ապա Աշոտ Օսիպյանը հույս հայտնեց, որ բանկի ֆինանսավորումը, հետեւաբար եւ վարկային լիմիտները կավելանան:
Տեղեկացվեց նաեւ, որ սահմանվել են մրցանակներ Հայաստանում գործող արտասահմանյան երկու լավագույն բանկերի եւ երկու տեղական ընկերություններիՙ լավագույն արտահանողի եւ լավագույն ներմուծողի համար: Աշոտ Օսիպյանը, անդրադառնալով ֆինանսավորման առաջարկվող գործիքներին, կարեւորեց այն հանգամանքը, որ դրանց շնորհիվ ձեռնարկություններն ապրանք ներկրելու եւ արտահանելու դեպքում, ամեն դեպքում զերծ կմնան կորուստներից եւ կստանան իրենց ապրանքը կամ գումարը: Այսինքնՙ կնվազեցնեն իրենց ռիսկերը:
Ա. Մ.