Ինչո՞ւ չեն պատժվում գովազդի օրենքի խախտողները
Հայաստանի բնակչության մոտ 91 տոկոսը ցանկանում է, որ հեռուստաեթերից պակասեցվի գովազդը: Այսպիսին է հեռուստատեսությամբ գովազդի մասին հանրային հարցման արդյունքը: Երեկ «Հեռուստատեսությունը եւ գովազդը» թեմայով քննարկում էր անցկացնում Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը: Ըստ կենտրոնի ղեկավար Կարինե Տիտանյանի, հեռուստագովազդի հանդեպ բացասական վերաբերմունքն ունի մի քանի պատճառ: Նախ եւ առաջ, մարդիկ դեմ են գովազդին, որովհետեւ դրանցում ներկայացվում է ոչ հայերեն լեզվամտածողություն, հայ մարդը մատուցվում է անհարիր վիճակում, մոտեցումը ոչ մասնագիտական է: Հետաքրքրական է, որ հարցվածներից շատերի կարծիքով, գովազդային գործակալություններում աշխատող մարդիկ ոչ միայն չեն կարդացել գովազդի օրենքը, այլեւ չգիտեն ինչպես աշխատել հանրության հետ, ունեն «ստեղծագործական մտքի տխուր ու սնանկ մատուցում»:
Առավել հետաքրքրական է, որ մարզերում ընդհանրապես չեն ընդունում գովազդները, չկա որեւէ տոկոսային արտահայտություն ունեցող դրական մոտեցում: Ու թեեւ գովազդն ունի իր ոչ պակաս կարեւոր դերն ու նշանակությունը, մարդիկ մարզերում հիմնականում ոչ մի տեսակի գովազդ չեն ընդունում: Գովազդի հանդեպ առանձնահատուկ «դաժանություն» եւ «մերժողականություն» ունեն հարցվածներից նրանք, ովքեր հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների եւ որոշ հաղորդումների մշտական դիտողներն են: Այս դեպքում բողոքները կապված են այն հանգամանքի հետ, որ գովազդային ընդմիջումները ամենահետաքրքրական հատվածներում են իրականացվում եւ տեւում են շատ երկար: Մինչդեռ գովազդի օրենքի դրույթների համաձայն, եթե սերիալի տեւողությունը 40 րոպե է, կարելի է ընդմիջել միայն 20 րոպեն մեկ: Այս դեպքում մեզանից յուրաքանչյուրը կարող է ամեն մի պահի հավաստել, որ հեռուստաընկերություններն առանց բացառության օրենսդրական այս դրույթի խախտումը բազմապատկում են ժամ-ժամի:
Հեռուստատեսությամբ գովազդային գռեհկաբանությունների, անգրագիտության, ժարգոնի ու անկրթության հիմնական մեղավորը մեծապես համարվում է լեզվի պետական տեսչությունը: Տեսչության պետի տեղակալ Նարինե Հովյանը նշեց, որ իրենց գերատեսչությունը որեւէ լծակ եւ կանոնադրական գործառույթ չունի գովազդում լեզվի հսկողության առնչությամբ: Տեսչությունը կարող է թերեւս անցկացնել լեզվական փորձաքննություն, ինչի համար պիտի դիմեն գովազդ պատրաստող գործակալությունները: Սա էլ, ամենամիամիտ մոտեցման դեպքում անգամ, առավելագույնս միամիտ մոտեցում է, քանի որ լեզվի մասին ընդհանրապես չմտածող գործակալություններն իրենց լրացուցիչ «նեղություն» չեն պատճառի` սեփական մտքի ու գործունեության «հանճարեղ գոհարները» լեզվական փորձաքննության ենթարկելու համար:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը քննարկմանը հրավիրել էր նաեւ մանկավարժական համալսարանի դասախոս, լեզվաբան Գայանե Խալաթյանին: Ըստ վերջինիս, լեզվի անաղարտության մասին գովազդի առումով խոսելն անիմաստ է, այն ամբողջությամբ խեղաթյուրվում է: Ըստ լեզվի մասնագետի, պետք է խստագույնս պայքարել նման իրավիճակի դեմ, երբ փողոցային ժարգոնն ու գռեհկաբանությունները, ի դեմս «կարգին» հաղորդումների ու «վերվարածների», հայտնվում են ոչ միայն սովորական խոսակցություններում, այլեւ դպրոցում, բուհում, ամենուր:
Երեւանի թիվ 6 դպրոցի տնօրեն Օվսաննա Բաբայանի կարծիքով, գովազդային լեզվից ընդօրինակումները առավել լուրջ խնդիր են հենց դպրոցում: Եվ իրավիճակի լրջության վկայություն է երեխաների խոսելաձեւի հարցը մանկավարժական խորհուրդներում քննարկելու փաստը: Ըստ տիկին Բաբայանի, երեխաները միանգամից գործածության մեջ են դնում գովազդային հոլովակներից լսած ամեն ինչ: Իսկ եթե դրան ավելացնենք նաեւ երեխաների մոտ ընտանիքի, հոր, մոր, մարդկային հարաբերությունների առնչությամբ գովազդային «իրականությունից» ստացվող տպավորությունները, ապա ցավալիորեն տխուր եւ ծանր իրավիճակ կունենանք:
Այն, որ հեռուստաեթերից «տարածվող» գովազդը, աղբատար խողովակի նման, իրապես աղտոտում է միջավայրը, նորություն չէ: Սակայն բազմաթիվ դժգոհությունների կողքին չնշվեց եւ ոչ մի դեղամիջոց` գովազդի բացասական ազդեցությունը վերացնելու համար: Թերեւս միայն մեկ տարբերակ առաջարկվեց. գովազդի ոլորտում պիտի աշխատեն պրոֆեսիոնալներ:
Սխալ կլինի այն մոտեցումը, թե գովազդային ոլորտում մասնագետներ չկան, եւ ոչ մեկը հայոց լեզվին չի տիրապետում: Ինչ վերաբերում է նման դեպքում հնչող միակ պատճառաբանությանը, թե ժարգոնով ու փողոցային մտածողությամբ գովազդը պահանջարկ ունի, ապա համաձայնել չի կարելի, քանի որ ցայսօր որեւէ մեկը նման պահանջարկի գոյության մասին հետազոտական պատկեր չի ստացել: Հետեւաբար սեփական թերացումներն ու լեզվի հանդեպ արհամարհական վերաբերմունքը չուսումնասիրված պահանջարկով արդարացնելն իսկապես ոչ պրոֆեսիոնալ է: Ոչ պրոֆեսիոնալ են նաեւ այն պնդումները, թե ժարգոնն ու գռեհիկ ձեւակերպումներն ավելի համապատասխան ու դիպուկ են ներկայացնում անհրաժեշտ խնդիրները: Այս դեպքում էլ հայերենի չիմացությունն է պատճառը, քանի որ յուրաքանչյուր միտք միշտ էլ կարելի է գեղեցիկ ու դիպուկ ներկայացնել` չօգտագործելով ձեռքի տակ հայտնված կամ այսուայն բակից լսված արտահայտություններ, հատկապես որ դրանք ամենայն հեշտությամբ վարկաբեկում են ուզածդ արժեք: Եվ ինչպես ասում են, օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Գուցե ավելի ճիշտ կլինի, եթե գովազդային գործակալություններն ու հեռուստաընկերություններն ընդհանրապես նախ լավ լեզու սովորեն, ապա փորձեն տիրապետել հայերեն լեզվամտածողությանը: Հաստատապես այդ դեպքում կկարողանան գտնել գովազդային անհրաժեշտ լուծումները: Իսկ ամեն բանից առաջ պետք է հարգեն օրենքը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Հանդիպմանը մասնակցելու հրավեր էին ստացել նաեւ մի քանի գովազդային գործակալություններ ու գովազդատուներ, սակայն, ինչպես վերջիններս ընդհանրապես արհամարհում են հանրային կարծիքն ու օրենսդրական պահանջները, այնպես էլ «անտարբեր» էին մնացել քննարկման հանդեպ: