«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2006-03-29 | #57, 2006-03-30 | #58, 2006-03-31


Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԲԱՂԱԴՐՅԱԼ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ

Տնտեսության վիճակն ու սպասումները առաջին եռամսյակում

Այս տարվա առաջին եռամսյակի գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսները երեկ ներկայացրեց Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ Հակոբ Զորյանը: Ի՞նչ են նշանակում այդ բաղադրյալ ինդեքսները: Հակոբ Զորյանը պարզաբանեց, որ գործարար միջավայրի ինդեքսը հաշվարկվում է ռիսկերի եւ ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների, տնտեսական ակտիվության ինդեքսըՙ արտադրության եւ պաշարների վերաբերյալ սպասումների, սպառողների վստահության ինդեքսըՙ տնային տնտեսությունների եկամուտների, ծախսերի եւ զբաղվածության փոփոխությունների նկատմամբ: Յուրաքանչյուր եռամսյակ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող ինդեքսները որոշվում են ընտրանքային սկզբունքով կատարած ուսումնասիրությունների արդյունքում: Հարցումները ցույց են տալիս տնտեսության մթնոլորտը Հայաստանում, ավելի կոնկրետՙ գնահատել ներկա վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի վիճակի նկատմամբ եւ հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները:

Այսպիսով, 2006 թ.-ի առաջին եռամսյակում գործարար ակտիվության ինդեքսը կազմել է 58,3, տնտեսական ակտիվության ինդեքսըՙ 70,5, սպառողների վստահության ինդեքսըՙ 51,3: ԿԲ վարչության պետը պարզաբանեց, որ ինդեքսների արժեքները տատանվում են 0-ից 100-ի միջեւ: 50-ից բարձր ցուցանիշը ցույց է տալիս բարձր ակտիվություն, 50-ից ցածրըՙ ցածր ակտիվություն: Այս տարվա առաջին եռամսյակի ինդեքսները Հակոբ Զորյանը համադրեց անցյալ տարվա վերջինՙ 4-րդ եռամսյակի ցուցանիշների հետ, քանզի 2005 թ.-ի առաջին եռամսյակում նման հարցումներ անց չէին կացվել եւ համադրելու հնարավորություն այստեղ չկա: Անցյալ տարվա 4-րդ եռամսյակի համեմատ գործարար միջավայրի ինդեքսն աճել է 7,8 տոկոսով, տնտեսական ակտիվության ինդեքսըՙ 31,5 տոկոսով, իսկ սպառողների վստահության ինդեքսըՙ նվազել 0,4 տոկոսով:

Ինչո՞վ է պայմանավորված սպառողների վստահության ինդեքսի նվազումը մյուս երկուսի աճի համեմատ: Այս հարցի կապակցությամբ ԿԲ վարչության պետը նշեց, որ այդ ինդեքսը ձեւավորվում է 1500 տնային տնտեսությունների հարցումների հիման վրա եւ հարցվածները ցածր գնահատական են տվել ներկա տնտեսական իրավիճակին: Նշվեց, որ բաղադրյալ տնտեսական ինդեքսները որոշելիս հարցվել են նաեւ 600 ձեռնարկություններ, այդ թվում արդյունաբերականՙ 227, շինարարական ընկերություններՙ 42, առեւտրայինՙ 219, այլ ծառայություններ մատուցողՙ 147: Հարցվածների մեջ են Հայաստանի հիմնական խոշոր ընկերությունները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4