«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2006-03-29 | #57, 2006-03-30 | #58, 2006-03-31


8 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻՆ

Ինչի շնորհիվ տարեկան լրացուցիչ կարտադրվի 200 մլն կվտ/ժ էներգիա, մթնոլորտ չի արտանետվի 130 հազար տոննա ածխաթթու գազ

Համաշխարհային բանկը երեկ հաստատել է վերականգնվող էներգետիկայի ծրագիրը Հայաստանի համար, որին տրամադրվել է 8 մլն դոլար: Ընդ որում, այդ գումարից 5 մլն դոլարը կազմում է ՀԲ միջազգային զարգացման ընկերակցության վարկը եւ 3 մլն դոլարըՙ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի դրամաշնորհը: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Ակնկալվում է, որ եւս 10 մլն դոլարով այս ծրագիրը կհամաֆինանսավորեն այլ դոնորներՙ ընդհանուր գումարը հասցնելով 18 մլն դոլարի: Դրանից 10 մլն դոլարը կտրամադրի Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկը, 3 մլնըՙ «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը:

Վերականգնվող էներգետիկայի ծրագրի նպատակներն են անցումը էլեկտրաէներգիայի ծախսատար եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող աղբյուրներից դեպի ցածր ծախսային եւ շրջակա միջավայրի համար բարենպաստ աղբյուրներին, այսպիսով հասնելով էներգետիկ անվտանգության ավելի բարձր աստիճանիՙ էլեկտրաէներգիայի վերականգնվող տեղական աղբյուրների օգտագործման միջոցով: Վերականգնվող էներգետիկայի ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչՙ օժանդակություն արգելքների վերացմանը եւ ներդրումների ֆինանսավորում: Գումարներն ուղղվելու են վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամին, որն էլ դրանք կտրամադրի մասնավոր ներդնողներին: Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին կստեղծվեն 80 ՄՎտ լրացուցիչ հզորություններ, որը տարեկան կավելացնի 200 կվտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ ածխաթթու գազի արտանետումները կնվազեն տարեկան 130 հազար տոննայով: Նշվեց, որ այս առումով հանրային ծառայությունները հաստատող հանձնաժողովը հաստատել է «առատաձեռն սակագին», ինչը, ըստ Ռոջեր Ռոբինսոնի, կնպաստի, որ 20-30 տարի հետո վերականգնվող էներգիայի մասնաբաժինը շատ ավելի մեծ կլինի եւ կքաջալերի այս ոլորտի կայացմանը: Մասնավորապես փոքր ՀԷԿ-երի համար ամրագրված է 4,5 ցենտ, բիոզանգվածից եւ քամուց էներգիա ստանալու համարՙ 7 ցենտ պետության երաշխավորած գնման սակագին 15 տարվա ընթացքում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4