Խորեն Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է «Փյունիկ» ակումբի նախագահի պաշտոնից: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2001 թ., երբ երկամյա ընդմիջումից հետո «Փյունիկը» կրկին կազմավորվեց: Խորեն Հովհաննիսյանի օրոք թիմը վերջին 5 տարիների Հայաստանի անփոփոխ չեմպիոնն է:
Հարկ է նշել, որ Հովհաննիսյանը «Փյունիկում» է աշխատել թիմի հիմնադրման օրվանից: 1992 թ., երբ ստեղծվեց «Փյունիկը» (այն ժամանակ թիմը հանդես էր գալիս ՀՄԸՄ անվամբ), Խորեն Հովհաննիսյանը թիմի գլխավոր մարզիչն էր եւ միաժամանակ հանդես էր գալիս որպես խաղացող: Այդ տարի «Փյունիկը» նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ Հովհաննիսյանը թիմի կազմում 17 գոլի հեղինակ դարձավ: Եվս երկու անգամ` 1995/96թթ. եւ 1996/97 թթ. մրցաշրջաններում «Փյունիկը» Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ դարձել է ՀՀ չեմպիոն: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Խորեն Հովհաննիսյանը մեկնել է Հունաստան, որի թիմերից մեկում` «Օլիմպիակոսում» հանդես է գալիս նրա որդին` Ժորան, որը հնգամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ: «Փյունիկի» նոր նախագահ է ընտրվել Կարեն Հարությունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ակումբի փոխնախագահի պաշտոնը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ