Լեւոն Մինասյան. Նոր խտասալիկի լույսընծայման առիթով
Ֆրանսահայ նշանավոր դուդուկահար Լեւոն Մինասյանի տանը մշտապես հայկական մթնոլորտ է տիրում, իսկ բակում բխող շատրվանի քարը բերված է Հայաստանից: Օրերս Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում վաճառքի հանվեց նրա կատարումների նոր խտասալիկը, որը կրում է «Երգեր ուրույն աշխարհից» անվանումը: Սկավառակի լույսընծայման առթիվ Փարիզի «Աշխարհ» թերթին տված հարցազրույցում Լեւոն Մինասյանը խոստովանում է, որ լավ «մարզավիճակը» պահպանելու նպատակով ինքն ամեն օր դուդուկ է նվագում առնվազն 2-3 ժամ, երբեմն էլՙ 4-5 ժամ: Այդպես նա ապրում է արդեն 38 տարի:
Դուդուկի նկատմամբ Լեւոն Մինասյանի սերը ծագել է շատ վաղուց: Իսկ դրանից էլ առաջՙ մանուկ հասակում Լեւոնը մանդոլին է նվագել: Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում, որտեղ ամեն օր հնչում էին ազգային մեղեդիներ, կատարվում հայկական հոգեւոր, աշխատանքային, սիրային եւ այլ երգեր: Լեւոնի քույրն ու եղբայրն այսօր եւս շատ հաճախ երգում են նրա համերգների ժամանակ:
Մինասյանի խոսքերով, դուդուկն իրեն մանկուց հմայել է շատ յուրօրինակ հնչողության պատճառով: Ծիրանենու փայտից պատրաստվող այդ գործիքի թախծոտ նվագը «բխում է Հայաստանի էությունից»:
1978 թ. Հայաստանում դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանի հետ տեղի ունեցած հանդիպումը էլ ավելի խորացրեց Լեւոնի հետաքրքրությունը դուդուկի նկատմամբ: 70-ականների սկզբներին պատանի Լեւոնը փորձում էր լսողությամբ մեղեդիներ նվագել այն դուդուկով, որը նրա ծնողները բերել էին Հայաստանից: Այն ժամանակ Ֆրանսիայում դուդուկը դեռեւս անհայտ գործիք էր: Ուստի Լեւոն Մինասյանից հաստատակամություն եւ ամենօրյա համառ ջանքեր պահանջվեցին ներկայիս արդյունքներին հասնելու համար:
Լեւոն Մինասյանի կարծիքով, դուդուկ նվագելը չի կարելի զուտ իմպրովիզացիա համարել, թեեւ տրամադրությունը, տվյալ պահի հուզական վիճակը եւ նույնիսկ նվագակցությունը երաժշտական տարբեր մեկնաբանությունների պատճառ են դառնում:
Դուդուկի երաժշտությունն, անկասկած, թախծալի է, քանզի հայ ժողովրդի հոգու, հույզերի, ցավագին անցյալի արտահայտությունն է: Ահա թե ինչու Մինասյանը ջանում է ոչ միայն մեր մշակույթը ներկայացնել օտարներին, այլեւ դուդուկը մատչելի դարձնել աշխարհի մյուս ժողովուրդներին, հարգելով երաժշտական մշակույթներից յուրաքանչյուրի ինքնօրինակությունը:
Մինասյանը քանիցս այցելել է Հայաստան, ծանոթացել դուդուկի արվեստի ակունքներին: Նախապես լինելով ինքնուս երաժիշտ, իր շրջագայությունների ժամանակ նա փնտրել է վարպետ դուդուկահարների, որոնք իրեն կուսուցանեին նվագելու կանոնները: Երաժշտական հմտությունները կատարելագործելու Մինասյանի քրտնաջան աշխատանքի նպատակն էր եւ է հնարավորինս մեծ թվով մարդկանց ծանոթացնել հայ ժողովրդի արվեստին, երաժշտությանը եւ առհասարակ մշակույթին:
Իր ուսուցիչը դարձած Ջիվան Գասպարյանից բացի, Լեւոնը հանդիպումներ ունեցավ հայտնի դուդուկահարներ Սերգեյ Կարապետյանի, Վոլոդյա Հարությունյանի, Եղիշե Մանուկյանի հետ, քանիցս Հայաստան մեկնեց նրանց ելույթներն ունկնդրելու: 2002 թ. Ջիվան Գասպարյանի հրավերով Մինասյանը Հայաստանում մասնակցեց դուդուկի վարպետների մրցույթին եւ արժանացավ դրա մրցանակին:
Նոր խտասալիկի լույսընծայման կապակցությամբ հարկ է նշել, որ Լեւոն Մինասյանի կատարումները, համերգներից ու փառատոներից բացի, հնչում են որոշ ֆիլմերում: Նա մասնակցել է մի շարք խտասալիկների ստեղծմանը, ունի անձնական սկավառակներ, աշխատել է Անրի Վերնոյի, Մել Գիբսոնի, Պիտեր Գաբրիելի, Շառլ Ազնավուրի, Սթինգի, Յան Արթյուս Բերտրանի եւ այլոց հետ:
Անրի Վերնոյի հետ Լեւոն Մինասյանի ծանոթությունը տեղի ունեցավ կոմպոզիտորներ Ժորժ Կառվարենցի եւ Ժան-Կլոդ Պտիի միջնորդությամբ: Վերջինս Վերնոյի «Մայրիկ» եւ «Պարադի փողոց, N 588» ֆիլմերի երաժշտության հեղինակն է: Ինչ վերաբերում է Պիտեր Գաբրիելին, Վերնոյի ֆիլմերը դիտելիս դուդուկի ձայնով հմայվելովՙ նա իմացավ երաժշտի անունը եւ զանգահարեց նրան: Ապա տեղի ունեցան ձայնագրություններ եւ համաշխարհային համերգային շրջագայություն: 2004 թ. Ֆրանսիայի Նիմ քաղաքի ամֆիթատրոնում Լեւոն Մինասյանը որպես մենակատար ապահովեց Պիտեր Գաբրիելի ներկայացման հանդիսավոր բացման արարողությունը:
Օտարազգի հանդիսականը հայկական դուդուկն ընկալում է որպես հոյակերտ «հուզահարույց» գործիք: Լեւոն Մինասյանի խոսքերով, այսօր դուդուկն աշխարհի երաժշտության առասպելական եւ դյութիչ առաջին գործիքն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչել է «աշխարհում ժողովուրդների հոգեկերտվածքն արտահայտող առաջին գործիք»: Իրենց գործունեությամբ այդ բնորոշմանն էապես նպաստել են Ջիվան Գասպարյանը եւ Լեւոն Մինասյանը:
Սովորաբար դուդուկահարները ելույթ են ունենում երկուսով: Ընդսմին երկրորդ երաժիշտը դամ է պահում եւ մենակատարին հնարավորություն տալիս շունչը տեղը բերել եւ շարունակել արտահայտիչ նվագը: Ֆրանսիայում դամքաշի դերը կատարում են համադրական հնչյունները: Բայց Մինասյանի նոր խտասալիկում արդեն իրականացվում է սիմֆոնիկ նվագակցություն: «Մենք դուդուկը զուգորդում ենք սիմֆոնիայի հետ, այդ գործիքը թե՛ ունկնդրության եւ թե՛ մեկնաբանության առումներով մատչելի դարձնում մյուս մշակույթներին, մոլորակի բոլոր ժողովուրդներին», ընդգծում է Լեւոն Մինասյանը:
Նրա նոր խտասալիկի վերջնամասում դուդուկի ավանդական մեղեդիներն ուղեկցվում են Բուլղարիայի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտությամբ եւ հնդիկ երգիչ Մուսրաթ Ֆաթեհ Ալի Խանի երգեցողությամբ: Իսկ տաղանդավոր կոմպոզիտոր Արման Ամարը ժամանակին վերադաշնակել է Մինասյանի առաջին եւ երկրորդ խտասալիկների երաժշտությունը:
Ինչ վերաբերում է Լեւոն Մինասյանի մոտակա ծրագրերին, նա կշարունակի աշխարհում դուդուկի միլիոնավոր երկրպագուների նվաճմանն ուղղված գործունեությունը: Բացի դրանից, նա երաժշտություն կհորինի Էրիկ Վալիի «Հետքը» ֆիլմի համար, կկազմակերպի վարպետության դասընթացներ, 2006 թ. կանցկացնի աշխարհի պոեզիայի եւ երաժշտության ներկայացուցիչների հանդիպում, կմասնակցի Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներին եւ այլն:
Պատրաստեց ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ