«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


ՕԼՍՈՆԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՏԱԾԱԾԿՈՎ ԽԱՂԱԴԱՇՏԻ ԲԱՑՄԱՆԸ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան է ժամանել ՈւԵՖԱ-ի գործադիր տնօրեն պարոն Լարս Քրիստեր Օլսոնը: Վերջինս ֆուտբոլի ֆեդերացիայում հանդիպում է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որին ներկա էր նաեւ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: ՈւԵՖԱ-ի գործադիր տնօրենն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի եւ նախկին խորհրդային հանրապետությունների ազգային ֆեդերացիաների համագործակցության խնդիրներին, հատկապես կարեւորելով ներդրումային ծրագրերը, հեռանկարային զարգացման խնդիրները, միջազգային ֆուտբոլային կառույցներում ազգային ֆեդերացիաների ինտեգրման հարցերը: ՈւԵՖԱ-ի գործադիր տնօրենը պատասխանեց նաեւ ֆեդերացիայի աշխատակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին արտոնագրման համակարգին, ՈւԵՖԱ-ի կոմիտեներում եւ աշխատանքային հանձնախմբերում ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների ընդգրկվածությանը եւ այլն:

Պատասխանելով Եվրո-2008-ի վիճակահանությունից հետո ստեղծված իրավիճակին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականները պետք է մրցեն միմյանց հետ, Օլսոնն ասել է, որ ՈւԵՖԱ-ն պատրաստ է ստեղծել մի հանձնախումբ, որը կլինի թե՛ Հայաստանում եւ թե՛ Ադրբեջանում, կուսումնասիրի ստեղծված իրավիճակը եւ եզրահանգումներ կանի: Նա նշել է, որ ՈւԵՖԱ-ի ցանկությունն է, որպեսզի խաղերը կայանան Հայաստանում եւ Ադրբեջանում, բայց հասկանալի է, որ կան դժվարություններ` կապված անվտանգության հարցերի հետ: Oլսոնը միաժամանակ նշել է, որ իրենք չեն ցանկանում քաղաքական խնդիրների անդրադառնալ եւ հույս ունեն, որ լուծումներ կգտնվեն, որպեսզի հարցը քաղաքական խնդրի չվերածվի: Նա հատուկ շեշտել է, որ Հայաստանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս հարցում շատ կայուն եւ հաստատուն դիրքորոշում ունեն, որը շատ գնահատելի է:

Այցի ընթացքում ՈւԵՖԱ-ի գործադիր տնօրենը եղել է նաեւ Մատենադարանում, հյուրընկալվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում եւ եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հյուրը, այցելել Փարաջանովի տուն թանգարան:

Երեկ Խորենացի 47 հասցեում (նախկին «Դրուժբա» հանրախանութի շենքի բակում) տեղի ունեցավ արհեստական խոտածածկով երկրորդ փոքր դաշտի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաեւ ՈւԵՖԱ-ի գործադիր տնօրենն ու ՀՖՖ նախագահը: Դա Կենտրոն համայնքում նմանատիպ երկրորդ փոքր խաղադաշտն է: Առաջինը շահագործման է հանձնվել անցյալ տարի Ագաթանգեղոսի 7 շենքի բակում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4