Պիտեր Սեմնեբին դժգոհ է ռազմատենչ հայտարարություններից
Հարավային Կովկասում Եվրոմիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին երեկ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում եւս մեկ անգամ ընդգծեց, որ Եվրոմիությունն ավելի ակտիվորեն է ցանկանում ներգրավվել սառեցված հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Ըստ Վարդան Օսկանյանի, Սեմնեբիի կարեւոր խնդիրներից է Ղարաբաղի հարցը, որում նա կներգրավվի ոչ որպես միջնորդ, այլ որպես գործընթացին նպաստող բանակցային փուլում եւ հարցի կարգավորման համատեքստում հետագա անելիքների առումով:
Վերջին անգամ 1988-ի երկրաշարժից հետո Շվեդիայի օգնության առաքելության կազմում Հայաստանում եղած Սեմնեբին նշեց Հարավային Կովկասում Եվրոմիության նախորդ ներկայացուցչի մանդատից իր մանդատի տարբերությունները: Ընդհանուր առմամբ, Եվրոմիությունը քաղաքական ազդակ է հաղորդում` սառեցված հակամարտությունների կարգավորման գործում ավելի կոնկրետ, որոշակի ընդգրկվածություն ունենալու առնչությամբ: Երկրորդ տարբերակիչ գործոնը Եվրոմիության նոր հարեւանության գործողությունների ծրագրի քննարկումն է: Սեմնեբին անդրադարձավ «հնարավորության պատուհան» որակվող 2006 թ.-ի ընթացքում բանակցությունների համար հարմար ժամանակահատվածի օգտագործման կարեւորությանը: Ըստ Բաքվում եւ ապա Երեւանում ունեցած հանդիպումների, Սեմնեբին գտնում է, որ ոչ մի կողմն էլ ժամանակ շահելու տարբերակով չի մոտենում հարցին:
Ամեն դեպքում, ըստ Սեմնեբիի, Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխություն չի լինի: Իսկ Եվրոմիությունն ավելի կոնկրետ կպատրաստվի այն դերին, որ պետք է իրականացնել հակամարտության կարգավորումից հետո, այսինքն` Եվրոմիությունը հավանաբար կարող է մասնակցել խաղաղության աջակցության գործողություններին: Դրա հետ մեկտեղ հնարավոր է, որ օգտագործվեն հակամարտության կարգավորմանը նպաստելու նոր միջոցներ - գործիքներ:
Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններում մեծագույն խնդիր դարձած, այսպես կոչված, Քելբաջարի հարցի առնչությամբ Վարդան Օսկանյանը որեւէ մանրամասն չհաստատեց, նշելով, որ «Ռամբույեում օրակարգային հարցը հնարավոր չեղավ լուծել, բայց բանակցությունները պետք է շարունակել, որովհետեւ ինչ կա սեղանին, բավական դրական էլեմենտներ է պարունակում, եւ դրա վրա ուղղակի պետք է կառուցել: Այն հարցերը, որ մնում են, բարդագույն հարցերն են եւ պետք է փորձել, աշխատել եւ լուծումներ գտնել»: Եթե Ադրբեջանը կարողանա բավարար քաղաքական կամք ցուցաբերել, ապա Վարդան Օսկանյանի կարծիքով, իրոք հնարավոր է գործընթացը տեղից շարժել եւ լրացուցիչ հաջողություններ արձանագրել եկող ամիսների ընթացքում: Իսկ եթե 2006 թ.-ին առաջընթաց չլինի, Վարդան Օսկանյանը չի կարծում, թե դա աշխարհի վերջն է, 2007 թ.-ը ընտրությունների տարի է Հայաստանում, բայց այդ ժամանակ էլ պետք չէ բացառել որեւէ բան անելու հնարավորությունը:
Հակամարտության ռազմական լուծման հավանականության առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը ընդգծեց, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ դրա լավագույն ապացույցը մեր` պատերազմում հաղթելն ու հակամարտության լուծված չլինելու փաստն է: «Երկու անգամ Ադրբեջանը պատերազմ է ասել, երկու անգամ փաստորեն տանուլ է տվել, բայց կոնֆլիկտը չի լուծվել: Ես կարծում եմ, որ սա լավագույն դասը, օրինակը պետք է լինի Ադրբեջանի համար, որ այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, պետք է բանակցությունների միջոցով լուծվի, եւ դրա միակ ճանապարհը փոխադարձ զիջումներն են»: Ըստ Օսկանյանի, Հայաստանը վերջին շրջանում իր բաժին զիջումներն արել է, «մենք այսօր սահմանաեզրում ենք, տեղ չունենք հետ գնալու, եւ պահն է, որ Ադրբեջանը համապատասխան քայլ անի, որպեսզի մենք կարողանանք այս գործընթացը տեղից շարժել եւ հասցնել իր վերջնական ավարտին»:
Եվրոպացի դիվանագետը եւս մեկ անգամ իր դժգոհությունը հայտնեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ: Սեմնեբին կրկնեց արդեն Բաքվում արտահայտած այն միտքը, որ ռազմական լուծումը ծանր հետեւանքներ կունենա: «Եվ ես մտածում եմ, այդ ուղերձը տեղ է հասել», նշեց Սեմնեբին: Ամեն դեպքում, երկու կողմերն էլ, ըստ եվրոպացի դիվանագետի, գիտակցում են «պատմական պատասխանատվությունը» հակամարտության կարգավորմանը հասնելու գործում:
Ամերիկացի դիվանագետների վերջին այցելությունների ընթացքում մեր տարածաշրջանում էներգետիկ խնդիրների կարեւորման կապակցությամբ Վարդան Օսկանյանը նշեց, որ Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում, քանի որ նոր մոտեցումներ են որդեգրում, նոր տեսլական են դրել ամբողջ տարածաշրջանի եւ Եվրոպայի համար էներգետիկ խնդիրների լուծման առումով: Եվ այսօր մեր խնդիրն է այդ տեսլականի մաս լինելը, որտեղ խոսքը էներգետիկ նոր աղբյուրների, դիվերսիֆիկացման մասին է: Հայաստանը նույնպես նման խնդիրներ է դրել, խոսք է գնում տարածաշրջանում նոր ատոմակայանների, կասպյան գազամուղի մասին: Այս խնդիրները ծագել են ռուսական գազի թանկացման եւ Ուկրաինայի հետ հարցերում, որը ազդեցություն է ունեցել եվրոպական երկրների վրա:
Սեմնեբին իր խոսքում նշեց հակամարտության կարգավորման հետաձգման դեպքում փակ սահմանների պայմաններում Հայաստանի հարաբերական մեկուսացման շարունակման մասին: Այն հարցին, թե արդյոք պրն Օսկանյանը չի՞ ասել Եվրոմիության հատուկ ներկայացուցչին, որ Հայաստանը այդ փակ սահմաններով էլ կարող է զարգանալ, Օսկանյանն ասաց. «Չեմ փոխանցել, քանի որ դա գիտի ինքը»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ