Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ փուլը: Այս փուլից պայքարի ոլորտն են ընդգրկվել «Փյունիկը», «Միկան», «Բանանցն» ու «Կիլիկիան», որոնք չմասնակցեցին 1/8 եզրափակիչի հանդիպումներին:
Երեկ տեղի ունեցան քառորդ եզրափակիչի առաջին երկու հանդիպումները: Հայաստանի ներկայիս գավաթակիր Աշտարակի «Միկան» Կապանում հյուրընկալվել էր բարձրագույն խմբի նորեկ «Գանձասարին»: Երկու թիմերն էլ նոր մրցաշրջանի շեմին համալրել են կազմերը. «Միկան»ՙ հիմնականում լեգեոնականներով, «Գանձասարը»ՙ տեղի ֆուտբոլիստներով: Հարկ է նշել, որ «Գանձասարի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանին հաջողվել է բավական մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ կազմավորել: Դրա վառ ապացույցը 1/8 եզրափակիչում «Միկա-2»-ի նկատմամբ տոնած վստահ հաղթանակներն էին (3-1, 4-0): Եվ ահա երկրի գավաթակրի հետ խաղում էլ «Գանձասարը» բնավորություն դրսեւորեց եւ ոչ միայն լուրջ դիմադրություն ցույց տվեց մրցակցին, այլեւ հաղթանակ տարավ: 14-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Արթուր Քոչարյանը: Եվ որքան էլ «Միկան» ջանաց խույս տալ պարտությունից, դա նրան չհաջողվեց: Այժմ պատասխան խաղում «Միկային» հարկ կլինի մեծ ջանքեր ներդնել երկու խաղերի ընդհանուր արդյունքով կիսաեզրափակիչ մտնելու համար:
Քառորդ եզրափակիչի մյուս խաղում «Հրազդանում» «Կիլիկիան» հյուրընկալել էր առաջին խմբում հանդես եկող «Բանանց-2»-ին: Եղանակային անբարենպաստ պայմաններում անցած հանդիպումը հարուստ չէր գոլային սուր պահերով: Առաջինը կարող էր հաջողության հասնել «Բանանց-2»-ը, սակայն Դավիթ Օհանյանը մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, չկարողացավ գրավել դարպասը: Իսկ թե նման իրավիճակներում ինչպես պետք է գործել, հիանալիորեն դրսեւորեց «Կիլիկիայի» հարձակվող Սարգիս Մովսիսյանը: Նա վարպետորեն խաբս տվեց ընդառաջ դուրս եկած դարպասապահին ու հանգիստ գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը: Մինչեւ խաղավերջ թիմերը փորձեցին հաշվի մեջ փոփոխություն մտցնել, սակայն հարվածները նպատակին չէին հասնում: Եվ երբ թվում էր, թե «Կիլիկիան» հաղթանակ կտոնի, «Բանանց-2»-ի վերջին գրոհն ավարտվեց դարպասի գրավումով: Աչքի ընկավ Ալիկ Խաչատրյանըՙ թիմին փրկելով պարտությունից: Ի դեպ, Խաչատրյանը գավաթի մրցաշարում իր 4-րդ գնդակը խփեց եւ այժմ լավագույն ռմբարկուն է: Հիշեցնենք, որ «Փյունիկ-2»-ի հետ նախորդ փուլի խաղում նա իր օգտին 3 գոլ էր գրանցել:
Խաղից հետո զրուցեցինք թիմերի գլխավոր մարզիչների հետ:
Սամվել Դարբինյան («Կիլիկիա»)-Ինձ համար հաճելի էր հանդիպել նախկին սանիս հետ, որի գլխավորած թիմը շատ լավ, գրագետ ու ճկուն մարտավարություն էր ընտրել, երիտասարդ ֆուտբոլիստներն էլ իրենց վատ չդրսեւորեցին: Առաջին խաղակեսում խաղային եւ տարածքային առավելությունը մեր կողմն էր, իսկ ահա երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց եւ ի վերջո հասան հաջողության: Կարծում եմ, պատասխան խաղում մեզ լուրջ խնդիրներ հարկ կլինի լուծել: Ուստի հարկավոր է լրջորեն նախապատրաստվել պատասխան հանդիպմանը:
Սամվել Սարգսյան («Բանանց-2»)-Խաղից գոհ եմ, արդյունքիցՙ ոչ: Չնայած շատ լավ էր, որ մրցակցի դաշտում գոլ խփեցինք: Մենք լրջորեն էինք նախապատրաստվել այս հանդիպմանը, քանի որ Սամվել Դարբինյանն, ով ի դեպ իմ առաջին մարզիչն է եղել, հմուտ մասնագետ է: «Կիլիկիան» դաշտի կենտրոնում եւ եզրերում հաճախակի թվային գերակշռություն էր ունենում, եւ եթե ֆուտբոլիստները մի փոքր մտածված գործեին, ապա կարող էին մեզ պատժել: Մեր թիմում հիմնականում 1988 թ. ծնված տղաներն են, որոնցից շատերը պատանեկան հավաքականի անդամներ են: Հարձակման գծում կառանձնացնեի Ալիկ Խաչատրյանին, որն այսօր իր 4-րդ գոլը խփեց: Դավիթ Օհանյանն էլ նոր է տեղափոխվել առջեւի գիծ: Նա գոլային 2 պահ ունեցավ, բայց չօգտվեց:
Այսօր «Հանրապետական» մարզադաշտում երկրի չեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալի Երեւանի «Արարատին», իսկ Գյումրիում «Շիրակը» կմրցի «Բանանցի» հետ: Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 9-ին եւ 10-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ