«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2006-04-05 | #62, 2006-04-06 | #63, 2006-04-07


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԱՊՀ-ԻՑ

Նշել է Վարդան Օսկանյանը մոսկովյան այցելության ժամանակ

Ռուսաստան կատարած իր այցելության օրակարգով այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Իսկ մինչ այդ, արդեն ապրիլի 5-ից Մոսկվայում գտնվող Օսկանյանն, ի թիվս նախատեսված մի շարք հանդիպումների, հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի, ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ:

Մոսկվայում Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումներին: Սա թերեւս պատասխան է որոշ փորձագետների այն ենթադրությանը, թե Հայաստանը նախատեսում է սահմանափակել իր համագործակցությունն ԱՊՀ երկրների հետ:

Իր հերթին Օսկանյանի հետ զրույցից հետո Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Մերզլյակովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջը զրույցն անցել է հետաքրքրական եւ հագեցած: «Ես նախարարին եմ ներկայացրել համանախագահների ծրագրերը, նա փոխանցել է քննարկվող խնդրի վերաբերյալ Հայաստանի տեսակետը: Մանրամասները հայտնի կդառնան Օսկանյանի եւ Լավրովի հանդիպումից հետո», նշել է Մերզլյակովը: Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավանաբար մայիսի առաջին կեսին կայցելեն Երեւան եւ Բաքու:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4