«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2006-04-05 | #62, 2006-04-06 | #63, 2006-04-07


500 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ 2005 Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ

Անկախության 15 տարիներին դրանց ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ դոլար

2005 թ.-ին Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը (ներառյալ պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածը) կազմել է 504 մլն դոլար` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 8,3 տոկոսով: Սակայն տնտեսության իրական հատվածում ներդրումները կազմել են 400 մլն դոլար, որից ուղղակի ներդրումներըՙ 244 մլն դոլար: Այս մասին, ներկայացնելով անցյալ տարվա օտարերկրյա ներդրումների ծավալներն ու կառուցվածքը, հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Նա, ամփոփելով 15 տարում Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը, հայտնեց, որ դրանք կազմել են ավելի քան 2 մլրդ դոլար:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ պահպանվել է մեր տնտեսության զարգացման եւ ներդրումների բազմաճյուղ կառուցվածքը: Այսպեսՙ ամենամեծ ներդրումներ կատարվել են կապի ոլորտումՙ 132 մլն դոլար, ինչը պայմանավորված էր բջջային կապի երկրորդ օպերատորի շուկա մուտք գործելով, որը խթանեց 2 ընկերությունների ներդրումները: Հանքարդյունաբերության մեջ ներդրվել է 97 մլն դոլար: Այստեղ հիմնականում գործում են 5-6 ձեռնարկություններ, որոնք, ըստ փոխնախարարի, լավ ապագա ունեն: Մետաղագործության ոլորտում (հիմնականում «Արմենալում») ներդրվել է 53 մլն դոլար, սննդարդյունաբերության մեջՙ 26 մլն դոլար, շինարարության ոլորտումՙ 16 մլն դոլար: 15 մլն դոլար է ներդրվել «Զվարթնոց» օդանավակայանում նոր տերմինալի կառուցման նպատակով: Հյուրանոցային ոլորտում օտարերկրյա ներդրումները կազմել են 7 մլն դոլար:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտասահմանյան ներդրումները կազմել են 14 մլն դոլար, ինչն այս ոլորտի համար Տիգրան Դավթյանը մեծ թիվ համարեց: Նա թվարկեց միջազգային ճանաչում ունեցող այն խոշոր ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարել Հայաստանումՙ «Լայկոս», «Սինոփսիս», «Էյ Փի Ջի լաբս», «Վիրաժ լոջիկ» եւ այլն: Դրանք ոչ միայն ծրագրավորման արտադրանք են այստեղ թողարկում, այլեւ իրենց շենքային համալիրներն են կառուցում, ինչը վկայում է Հայաստանում նրանց գործունեության ընդլայնման նպատակների լրջության մասին:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետության կողմից ձեռնարկվող ի՞նչ քայլերի անհրաժեշտության մասին են խոսում այս ոլորտի ներկայացուցիչները» հարցին Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ դրանցից առաջինը հարկային արտոնությունների մասին է: Սակայն նա այդ տարբերակը բացառեց, քանի որ այստեղ դաշտը հավասար է եւ նման արտոնություններ տրամադրելու դեպքում բոլոր տնտեսվարողներն իրենց գործունեության մեջ կավելացնեն տեղեկատվական տեխնոլոգիաներ անվանումը, որպեսզի հարկեր չվճարեն: Հաջորդը համապատասխան պետական մարմնի ստեղծման առաջարկն է, որը փոխնախարարը նույնպես անընդունելի համարեց, քանի որ նոր նախարարության ստեղծման եւ չինովնիկների թվի ավելացման անհրաժեշտություն պարզապես չկա:

Տեղեկացվեց, որ Հայաստանում առավել մեծածավալ ներդրումներ են կատարել Եվրոմիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Արգենտինան, Լիբանանը: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստան ներդրումների հոսք է եղել 30 երկրներից:

Հեռահաղորդակցության բնագավառում Համաշխարհային տնտեսական ֆորումի «Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների» զեկույցում 2005 թ.-ին Հայաստանի զբաղեցրած տեղի (115 երկրների մեջ 79-րդը) առնչությամբ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը նշեց, որ այդ ժամանակ Հայաստանում գործում էր միայն մեկ բջջային օպերատոր, եւ Հայաստանն առաջին անգամ էր ընդգրկվում այդ ցանկում, որոնք էլ նման տեղ զբաղեցնելու հիմնական պատճառներն էին: Նա այն կարծիքը հայտնեց, որ այս տարվա արդյունքով մեր երկիրն այլ դիրք կզբաղեցնի: Ինչ վերաբերում է ինտերնետ հասանելիությանը, ապա Տիգրան Դավթյանն ընդունեց, որ այս առումով Հայաստանը խնդիր ունի, որը կապված է «Արմենտելի» մենաշնորհի հետ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4