«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2006-04-05 | #62, 2006-04-06 | #63, 2006-04-07


«ՄԻՍՍ 2006» ՄՐՑՈՒՅԹԸ` ԳԵՂԵՑԻԿԻ ԵՎ ԱՆՆԿՈՒՆ ԿԱՄՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ

Աստվածածնի ավետման, մայրության ու գեղեցկության տոնի նախօրեին Կամերային երաժշտության տան դահլիճը գեղեցիկ ու բարի մի արարողությամբ էր լուսավորված: Այստեղ կայացավ «Միսս գեղեցկուհի -2006» արդեն ավանդական դարձող երրորդ ֆոտոմրցույթը, որի մասնակիցները սահմանափակ կարողություններ ունեցող 16-40 տարեկան 52 կանայք ու աղջիկներ են` հանրապետության տարբեր մարզերից: Ինչպես տեղեկացնում է միջոցառման կազմակերպիչ «Ունիսոն» հասարակական կազմակերպության հաղորդագրությունը, միջոցառման նպատակն է ցույց տալ, որ հաշմանդամությունը չի փակում գեղեցիկի դռները կանանց առջեւ:

Բազմաթիվ մրցանակները, որոնք տրամադրել էին հայաստանյան մի շարք կազմակերպություններ, խոսում էին այն մասին, որ մեր գործարարներից ոմանք պահպանել են գեղեցիկի եւ նրբանկատության ճշգրիտ պատկերացումները: Իսկ «Միսս Հայաստան-97» Անգելինա Բաբաջանյանը խոստացել է ստանձնել «Միսս 2006»-ի դիմահարդարման, ոճի եւ հագուստի բոլոր հարցերը:

Սահմանված չորս անվանակարգերը գտան իրենց հուզված եւ ժպտադեմ տիրուհիներին: Նրանցից քսանամյա Աննան` ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհին ճանաչվեց «Միսս 2006»: Նա դժվարացավ տալ գեղեցկության միանշանակ սահմանումը, սակայն նշեց, որ դրա մաս են կազմում երջանկությունը, շփումը մարդկանց հետ եւ հաջողակությունը: Մրցույթում իր հաղթանակը Աննան համարեց իր կյանքի լուրջ փորձություն եւ մեծ հաջողություն, որ կփոխի իր կյանքը:

Գեղեցկության մրցույթը շարունակվեց համերգային ծրագրով` լիակատար դարձնելով դեռ մեկուսացման բարդույթը չհաղթահարած դահլիճում ներկա բոլոր գեղեցկուհիների տոնական տրամադրությունը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4