Ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ փուլում կայացան վերջին երկու հանդիպումները: Հատկապես մեծ հետաքրքրություն էր ներկայացնում պատվավոր մրցանակի քառակի դափնեկիր «Արարատի» եւ եռակի գավաթակիր «Փյունիկի» մրցավեճը: «Հանրապետական» մարզադաշտում կայացած այդ խաղում դաշտի տերը «Փյունիկն» էր: Խաղը բավական ակտիվ սկսեցին արարատցիները, որոնք արդեն 2-րդ րոպեին հասան հաջողության: Դաշտի կենտրոնական հատվածից գնդակը երկար փոխանցումով հասցեագրվեց «Փյունիկի» տուգանային հրապարակ: Էդգար Սաֆարյանը գնդակը դարպասապահի գլխավերեւով փորձեց ուղարկել դարպասը, այն հայտնվեց Արթուր Պետրոսյանի մոտ, որը բացեց հաշիվը: Երեք րոպե անց արդեն Արթուր Պետրոսյանի հարվածից հետո Էդգար Սաֆարյանը գնդակն ուղարկեց դարպասը, սակայն եզրային մրցավարն արձանագրեց «խաղից դուրս վիճակ»:
Խաղասկիզբը բավական խոստումնալից էր «Արարատի» համար եւ թվում էր, թե հյուրերին կհաջողվի զարգացնել հաջողությունը: Սակայն բաց թողած գոլը ստիպեց «Փյունիկին» անցնելու վճռական գործողությունների: Աստիճանաբար փյունիկցիները խաղային եւ տարածքային առավելություն ստացան, որն ի վերջո վերածվեց գոլի: 19-րդ րոպեին անփույթ գործեցին «Արարատի» պաշտպանները, որոնց թողտվությամբ Արսեն Ավետիսյանը վերականգնեց հավասարակշռությունը: Մինչեւ ընդմիջում «Փյունիկը» եւս մի քանի անգամ լրջորեն սպառնաց մրցակցի դարպասին, սակայն հիանալի խաղ ցուցադրեց «Արարատի» դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանը` հետ մղելով Աղվան Մկրտչյանի եւ Արսեն Ավետիսյանի դիպուկ հարվածները:
«Արարատն» ապավինել էր հակագրոհներին, սակայն լրջորեն սպառնալ «Փյունիկի» դարպասին չհաջողվեց: Դարպասը գրավելու փորձեր կատարեցին Անդրանիկ Թադեւոսյանը, Կարեն Ասատրյանն ու Տիգրան Եսայանը, սակայն արդյունքի հասնել չհաջողվեց: Իրենց հերթին փյունիկցիներն էլ չկարողացան նոր գոլ խփել: Եվ այսպես, խաղն ավարտվեց ոչ-ոքի (1-1), այնպես որ կիսաեզրափակիչի ուղեգրի հարցը կորոշվի ապրիլի 10-ին «Հրազդանում» կայանալիք պատասխան խաղում: Գյումրիում ուժերը չափեցին «Շիրակն» ու «Բանանցը»: Վերջին երեք տարիներին այս թիմերի ճանապարհները հատվում են գավաթի մրցաշարում: Չնայած թիմերի գործադրած ջանքերին, դարպասները մնացին անառիկ: Այսպիսով, քառորդ եզրափակիչ չորս հանդիպումներից երեքում գրանցվեց ոչ-ոքի եւ միայն «Գանձասարին» հաջողվեց հաղթել երկրի գավաթակիր «Միկային» (1-0): Այնպես որ ապրիլի 9-ին եւ 10-ին կայանալիք պատասխան խաղերը միայն կանվանեն կիսաեզրափակիչի մասնակիցներին:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը դժգոհ էր ե՛ւ խաղի որակից, ե՛ւ արդյունքից: «Պաշտոնական առաջին խաղում փյունիկցիների մարզավիճակը հեռու էր բավարար լինելուց: Չէի սպասում, որ խաղասկզբում մեր ֆուտբոլիստների սխալի հետեւանքով գոլ կընդունենք սեփական դարպասը: Դրանից հետո մրցակիցը լրիվ հետ քաշվեց, ամուր պատնեշ ստեղծեց սեփական տուգանային հրապարակում, ինչը բավական դժվարացրեց մեր ֆուտբոլիստների գործողությունները: Պատասխան խաղում թիմերի հնարավորությունները հավասար եմ գնահատում, թեեւ «Արարատը» մրցակցի դաշտում գոլ խփեց»:
Սուրեն Բարսեղյան («Արարատ»)-Սպասում էի, որ նման դժվարին խաղ է լինելու: Ի տարբերություն ընկերական մրցախաղերի, այսօր «Փյունիկը» լրիվ կերպարանափոխվել էր: Վարպետությամբ «Փյունիկը» գերազանցեց մեզ, իսկ մենք ի հաշիվ մարտական տրամադրվածության, մինչեւ վերջ անմնացորդ նվիրումով գործելու շնորհիվ կարողացանք դիմագրավել «Փյունիկին»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ