«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2006-04-06 | #63, 2006-04-07 | #64, 2006-04-08


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ 1 ԽՄ-Ի ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է 172,8 ԴՐԱՄ ՍԱԿԱԳԻՆԸ

Ինչը եղել է ֆրանսիական ընկերության ֆինանսական առաջարկի մեջ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջիկայում սպասվում է Երեւանի եւ հարակից բնակավայրերի խմելու ջրի սակագների փոփոխման նոր որոշում ընդունել: Համապատասխան հայտը հանձնաժողովին ներկայացրել է «Երեւան ջուր» ընկերությունը: Այս ընկերությունը ստեղծել է «Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերության 10-ամյա վարձակալության մրցույթը շահած ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերությունը: Այս տարվա մայիսի 1-ից «Երեւան ջուրը» կստանձնի ԵՋԿ համակարգի կառավարումը:

Այսպիսով, «Երեւան ջուրն» առաջարկում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մանրածախ սակագինը սահմանել 1 խմ համար 172,8 դրամՙ ներկայիս 125 դրամի փոխարեն: Երեւանին հարակից այն տարածքներում, որտեղ չկան կոյուղաջրերի մաքրման ծառայություններ, խմելու ջրի մատակարարման սակագինն առաջարկվում է 146,8 դրամ:

Ինչո՞վ է պայմանավորված սակագնային փոփոխության այս առաջարկը, նկատի ունենալով, որ գազի սակագների բարձրացումն, ըստ էության, մեղմվեց: Այդ հարցի պատասխանը տրվել էր դեռեւս այն ժամանակ, երբ ներկայացվեցին ԵՋԿ վարձակալության մրցույթի մասնակցող երկու ֆրանսիական ընկերություններիՙ «Ժեներալ դեզ Օ»-ի եւ «Սաուրի» ֆինանսական առաջարկները: «Ջեներալ դեզ Օ»-ն, ի տարբերություն «Սաուրի», առաջարկել էր ավելի ցածր սակագնային առաջարկ վարձակալության ամբողջ 10 տարիների համար: Առանց ավելացված արժեքի հարկի եւ նկատի ունենալով սղաճի, դրամի փոխարժեքի եւ էլեկտրաէներգիայի գնի փոփոխման հետ կապված հնարավոր ճշգրտումները, ընկերությունն առաջարկել էր վարձակալության առաջինից երրորդ տարիներին 1 խմ ջրի 144 դրամ սակագինը, չորրորդ-հինգերորդ տարիներինՙ 129 դրամ, վեցերորդ եւ յոթերորդ տարիներինՙ 99 դրամ, ութերորդ եւ իններորդ տարիներինՙ 89 դրամ եւ տասներորդ տարումՙ 75 դրամ: 10 տարիների 1 խմ ջրի միջին գինը կազմել էր 93,3 դրամ:

Այս կապակցությամբ ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը հայտնեց, որ նկատի ունենալով, որ Հայաստանում, ըստ էության, էլեկտրաէներգիայի սակագին չի փոփոխվել, էական գնաճ կամ փոխարժեքի տատանում չի եղել, բնական համարեց «Ժեներալ դեզ Օ»-ի առաջարկին համապատասխան «Երեւան ջրի» այս հայտի ներկայացումը: Այն էՙ 144 դրամ առանց ավելացված արժեքի հարկի, որը ներառյալ ավելացված արժեքի հարկը կազմում է 172,8 դրամ:

Ինչպիսի՞ն կլինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտեցումն այս հայտի նկատմամբ: Հանձնաժողովը սովորաբար ձգտում է հավասարակշռել մատակարար ընկերությունների եւ սպառողների շահերը, սահմանելով ընկերությունների հայտերում նշվածից ցածր սակագներ: Սակայն այս դեպքում հանձնաժողովը հավանաբար կհամաձայնի «Երեւան ջրի» առաջարկին, քանի որ այդ ընկերության հիմնադիր ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ»-ն հենց այդ առաջարկով էր շահել ԵՋԿ վարձակալության մրցույթը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4