«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2006-04-06 | #63, 2006-04-07 | #64, 2006-04-08


ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ

Ինչպես տեղեկացրել էինք մի քանի օր առաջ, Համաշխարհային բանկը հաստատել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ծրագիրը եւ 8 մլն դոլար տրամադրել այդ նպատակով: Ընդ որում, այդ գումարից 5 մլն դոլարը ՀԲ Միջազգային զարգացման ընկերակցության վարկն էր, իսկ 3 մլն դոլարըՙ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի դրամաշնորհը: Այս մասին երեկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծրագրից տեղեկացանք նաեւ, որ նախարար Վարդան Խաչատրյանն ու Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը ստորագրել են այդ ծրագիրը:

Միջազգային զարգացման ընկերակցության վարկի եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի դրամաշնորհի գումարները տրամադրվելու են վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամին, որն էլ ֆինանսական միջնորդի միջոցով դրանք տրամադրելու է մասնավոր ներդնողներին:

Ծրագրի ավարտին ակնկալվում է, որ կստեղծվեն վերականգնվող էներգիայի արտադրության լրացուցիչ 80 մվտ հզորություններ, ինչն էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքին կավելացնի տարեկան 200 կվտ/ժ: Ակնկալվում է նաեւ, որ ածխաթթու գազի արտանետումները տարեկան կնվազեն մոտ 130 հազար տոննայով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագիրը կհամաֆինանսավորեն Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)ՙ 7 միլիոն դոլարով եւ «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամըՙ 3 միլիոն դոլարով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4