Խոսքից գործին անցնելու ժամանակը
«Ինձի համար գրողը ամեն բանե առաջ ու ամեն բանե վեր ճշմարտության առաքյալն է, ճշմարտության վկան, ճշմարտության քարոզիչը: Ի՜նչ սրբազան, բայց դժվարին առաքելության է կոչված հայ գրողը», նման պարտավորեցնող խոսքերով է հայ գրողին բնութագրել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում գրողների համահայկական 3-րդ համաժողովի ապրիլի 6-ի բացման հանդիսությանը Արամ Ա կաթողիկոսը, որի բարձր հովանավորությամբ է գումարվում սույն համաժողովը` նախաձեռնությամբ Հայաստանի գրողների միության եւ գործակցությամբ լիբանանահայ գրողների:
Ներկայացուցչական շրջանակով աննախընթաց այս համաժողովին մասնակցում են շուրջ 300 գրողներ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Եվրոպայից, Կանադայից, Ավստրալիայից, Ամերիկայից:
Տեղի դպրեվանքի սաների «Որք զարդարեցին» շարականային երգեցողության ներքո թափորով մուտք է գործել Արամ Առաջինը: Կազմակերպիչ հանրախմբի անունից ելույթ է ունեցել Պեպո Սիմոնյանը, ապա ողջույնի ջերմ խոսք է հղել Լեւոն Անանյանը:
Բեյրութում այս օրերին անցկացվող համահայկական մտավորական այս խոշոր հավաքն իրապես երեւույթ է, եւ բնականաբար հավաքին իրենց ողջույնի խոսքերն են հղել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարները` նախագահ Ռ. Քոչարյանը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, նաեւ համաժողովի կայացմանը մեծապես նպաստած Զավեն Եկավյանը: Վերոհիշյալ անձանց ուղերձները համապատասխանաբար ընթերցել են` Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր Ղեւոնդյանը, Ռուբեն Հովսեփյանը, Արամ Կարապետյանը եւ Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Վարուժան արք. Հերկելյանը:
Հարկ ենք համարում կատարել որոշ մեջբերումներ. «Հայ գրողը արվեստագետ լինելուց առաջ ու հետո եղել է ազգային գործիչ», (Արթուր Բաղդասարյան): «... Անչափ կարեւոր է մեր հոգեւոր դաշտը օտարածին եւ ապազգային ներխուժումներից զերծ պահելը եւ համաշխարհային գրական հարստությունը նոր արժեքներով համալրելը` դիմակայելով համաշխարհային հանրության կողմից մեզ պարտադրված մարտահրավերները» (Անդրանիկ Մարգարյան): «Դուք նույնքան իրավատեր եք, որքան եւ պարտավոր մեր ժողովրդի ապագայի հանդեպ: Վստահ եղեք, որ մարդակերտումն ու հայակերտումն են մեր նպատակակետը, որուն համար պատնեշի վրա պիտի մնա մանավանդ մտավորական դասը հայ ազգին» (Զավեն Եկավյան):
Ավարտին Խաչիկ Տետեյանն ընթերցել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժաարայի ողջույնի խոսքը, ելույթի համար խոսք է տրվել նաեւ համաժողովի երիցագույն անդամին` բանաստեղծ Ժակ Ա. Հակոբյանին:
Պաշտոնական բացմանը հաջորդել է հայրենի հրատարակությունների ցուցահանդես «Կիլիկիա» թանգարանի «Գյուլբենկյան» սրահում: Այս մասին տեղեկանում ենք Անթիլիասի մայրավանքի մամլո հաղորդագրությունից:
Ժամանակային արժեփոխումների ահռելի հոսքը խուժել է նաեւ Հայաստան, հայոց մայրաքաղաքը արագորեն կերպափոխվում է` հաջորդելով իր քաղաքացիների ներքին կերպափոխություն-բարոյալքումներին: Ավանդականորեն արժեքներ համարվող երեւույթները անկարեւորվում-նվաստանում են: Համաժողովին հնչած հայ գրողի նկարագրի ու առաքելության ավանդական պատկերացում ունենք կամ ունեինք շատերս, որից էլ` ակնկալիքներ ու սպասումներ: Հայաստանի գրողների պատվիրակության մեկնումի օրը մամուլը տեղեկացրեց գրողների միության շենքի հնարավոր քանդման եւ տեղում հյուրանոցային համալիր կառուցելու մասին (որտեղ հավանորեն կտեղավորվի նաեւ միությունը): Ըստ այդ տեղեկության, միության վարչության անդամների կեցվածքը որոշակի չէ: Խնդիրը զուտ ճարտարապետական կառույցի, պատմության կամ բովանդակության մեջ չէ, այլ` բարոյականության:
3-րդ համաժողովին Արամ Ա-ը ասել է. «Որեւէ գրականություն ներքին լճացումի կդատապարտվի, երբ անոր պակսի հոգեմտավոր ստեղծագործական կիրքը եւ ճիգը, երբ ան ընկերության կյանքը փոթորկող տագնապներուն եւ բեւեռացումներուն դիմաց կեցվածք ճշտելու եւ առաջնորդողի դերը ստանձնելու քաջությունը չունենա, երբ ան կարող չէ ժամանակի նշանները կատարելու եւ նոր հորիզոններուն բացվելու»:
Նրա այս խոսքերին պիտի հետեւեն մեր պատվիրակները. քանզի ինչպես նախագահ Լեւոն Անանյանն է ասել. «Մենք եկել, ժողովվել ենք այստեղ` լսելու նաեւ ձեր լայնախոհ պատգամները, հաղորդվելու Մեծի Տանն Կիլիկիո պատմության արժեքների համակարգին, իսկ հայտնի է, առանց պատմության դասերը յուրացնելու մենք պարտադրված ենք կրկնելու անցյալի սխալները: Հայ գրողները խորապես գիտակցում են այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են 15-ամյա դեռեւս փխրուն հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության առջեւ»:
Եվ քանի որ այսօր «փխրուն» Հայաստանում կատարվածը համառ փորձ է վերացնելու մեր պատմությունն ու հիշողությունը, ուստի հարկավոր է խոսքից անցնել գործի: Հայաստանում այսօր մտավորական շարժման քաղց կա, ճշմարիտ խոսքի կարիք, շիտակ նկարագրի տեր անձանց անհրաժեշտություն:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ