Թուրքիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում 3-րդ տուրից հետո ի հայտ եկավ միանձնյա առաջատարը` հոլանդացի Լ՛Ամին, որը պարտության մատնելով Տիգրան Քոթանջյանին, վաստակեց 3 միավոր: Առաջատարին 2,5 միավորով հետապնդում են մի խումբ շախմատիստներ, որոնց թվում են նաեւ Արտաշես Մինասյանն ու Աշոտ Անաստասյանը: 3-րդ տուրում վիճակահանության քմահաճույքով հայ շախմատիստները հանդիպեցին միմյանց հետ եւ խաղաղ դաշն կնքեցին: 2-ական միավոր ունեն Տիգրան Քոթանջյանը, Տիգրան Պետրոսյանն ու Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը: Պետրոսյանն ու Հարությունյանը խաղաղ դաշն կնքեցին համապատասխանաբար Վուգար Ղասիմովի եւ Թոմաս Լութերի հետ: Մրցաշարում իր առաջին հաղթանակը տոնեց Արման Փաշիկյանը, որը սեւերով հաղթեց Տիգեր Պերսոնին: Այդ հաղթանակի շնորհիվ նա վաստակեց 1,5 միավոր եւ զգալիորեն բարելավեց մրցաշարային իրավիճակը:
4-րդ տուրում Աշոտ Անաստասյանը մրցելու է Էռնեստո Ինարկիեւի հետ: Արտաշես Մինասյանի մրցակիցն է Ալին Բերեսցուն: Տիգրան Պետրոսյանը ուժերը կչափի Արկադի Նայդիչի, իսկ Տիգրան Քոթանջյանը` Ալեքսանդր Դելչեւի հետ: Արման Փաշիկյանի մրցակիցը կլինի Նիկոլա Սեդլակը: Հետաքրքրական է, որ տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Կոսինցեւա քույրերը, որոնք վաստակել են 1-ական միավոր:
Կանանց մրցաշարում Հայաստանի չորս պատվիրակներից առայժմ բոլորից հաջողը Էլինա Դանիելյանի ելույթն է: Նա վաստակել է 2 միավոր: Նա առաջին տուրում հաղթել է Կլաուդիա Էխարտին, հաջորդ երկու տուրերում խաղաղ դաշն կնքել Մարիա Կուրսովայի եւ Էմիլիա Ջինգատովայի հետ: Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են մեկական միավոր:
3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են լեհ շախմատիստուհի Ջովանա Դվորակովսկան եւ ուկրաինուհի Մարիա Մուզիչուկը: 15 շախմատիստուհիներ 2,5 միավորով հետապնդում են առաջատարներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ