Ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումներից հետո որոշվեցին այն չորս ուժեղագույն ակումբները, որոնք կշարունակեն պայքարը պատվավոր մրցանակի համար: Քառորդ եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարեց ներկայիս գավաթակիր «Միկան», որը պատասխան խաղում ռեւանշի հասավ «Գանձասարից» կրած պարտության (0-1) դիմաց: Բոլոր երեք գոլերը հյուրերի դարպասը խփեցին «Միկայի» լեգեոնականները` բրազիլացիներ Ալեքսն եւ Կլեբերը, ինչպես նաեւ ռուսաստանցի Սեմյոնովը:
Միայն 11 մ հարվածաշարի շնորհիվ «Կիլիկիային» հաջողվեց երկու խաղերի արդյունքով առավելության հասնել առաջին խմբի ներկայացուցիչ «Բանանց-2-ի» նկատմամբ: Ի դեպ, «Հրազդանում» կայացած առաջին հանդիպումից հետո, որում գրանցվել էր ոչ-ոքի (1-1), «Կիլիկիայի» ղեկավարությունը պաշտոնանկ էր արել թիմի գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանին ու ավագ մարզիչ Արսեն Չիլինգարյանին: Պատասխան խաղում թիմի ղեկը ստանձնել էր Սեգեյ Աղաբաբյանը: Հարկ է նշել, որ վերջին տարիներին «Կիլիկիայում» գլխավոր մարզիչների անսպասելի պաշտոնանկությունները եզակի չեն:
Անչափ դրամատիկ եւ լարված մրցապայքարում անցավ «Արարատի» եւ «Փյունիկի» գավաթային պատասխան հանդիպումը: Թիմերի առաջին մրցավեճում գրանցվել էր ոչ-ոքի (1-1): Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ «Հրազդանում» կայացած խաղում: Այս անգամ առաջին իսկ րոպեին հաշիվը բացեց փյունիկցի Արսեն Ավետիսյանը, մինչեւ առաջին խաղակեսի ավարտը Էդգար Սաֆարյանը վերականգնեց հավասարակշռությունը: Հետագայում երկու թիմերն էլ ունեցան դարպասը գրավելու հարմար առիթներ, սակայն հաջող խաղացին թիմերի դարպասապահներ Գառնիկ Հովհաննիսյանն ու Գեւորգ Կասպարովը: Հաղթողին չորոշեց նաեւ լրացուցիչ 30 րոպե ժամանակը: Կիսաեզրափակիչի ուղեգրի բախտը վճռվեց 11 մ հարվածաշարով: Ավելի դիպուկ գտնվեց «Փյունիկը», որն էլ հաղթելով ընդհանուր 7-6 հաշվով, կշարունակի պայքարը կիսաեզրափակիչում: Այդ փուլում «Փյունիկը» կմրցի «Բանանցի» հետ, որը 2-1 հաշվով հաղթեց «Շիրակին»: «Բանանցից» երկու գոլ խփեց Արամ Հակոբյանը, «Շիրակից» աչքի ընկավ Վլադիմիր Գասպարյանը: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են «Միկան» ու «Կիլիկիան»: Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 19-ին, պատասխան խաղերը` ապրիլի 26-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ