Այսպիսի վերտառությամբ առաջին գերմանալեզու գիրքն է լույս ընծայվել Անթիլիասի տպարանում: Հատորը խմբագրել եւ հրատարակության է պատրաստել Գերմանիայի Լայպցիգի համալսարանի աստուածաբանության բաժնի ուսանող Իշխան Չիֆթճյանը: Հատորի առաջաբանը «Յիշողութիւն եւ արդարութիւն» վերնագրով գրել է Արամ Ա կաթողիկոսը, որտեղ նա կարեւորում է հիշողության ազդեցությունը անհատի, ժողովրդի կյանքի ու ինքնության համար եւ արդարության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ շեշտում է ցեղասպանության ճանաչման ու հատուցման հրամայականը: Ինչպես նշում է գրքի հեղինակը. «Այս հատորը կը միտի Հայոց Ցեղասպանութեան շուրջ մէկուկէս միլիոն մարդկային զոհերուն, ինչպէս նաեւ բազմաթիւ, խորտակուած ու բնաջնջուած մշակութային հարստութեանց (եկեղեցիներ եւ դպրոցներ, գրականութիւն եւ մամուլ, ձեռագիր եւ բարբառ եւ այլն) յիշատակին տալ աւելի ընդարձակ տարածք, համախմբելով ու ներկայացնելով հայոց պատմութեան նորագոյն շրջանի այս ամենադաժան պատահարին անդրադարձող արտայայտութիւն, դիրքորոշում, խորհրդածութիւն, հարցադրում, որոնք կու գան Գերմանիայէն: Այստեղ հրամցուածը պատկեր մըն է ու ոչ ամբողջական»: Հատկանշական է, որ գրքում լույս տեսած 53 հեղինակները գերմանացիներ են (բացառութեամբ շվեցարացի մի ցեղասպանագետի):
418 էջանոց աշխատությունը բաղկացած է «Պատասխաններ», «Յօդուածներ», «Փորձագրութիւններ», «Ճառեր», «Ականատեսի վկայութիւններ» ծավալուն բաժիններից:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, http://www.cathcil.org/v04/doc/Photos/Pictures32.htm