«Գազպրոմի» եւ Հայաստանի կառավարության կնքած գործարքը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվելՙ ընդգծված բացասականից մինչեւ միանշանակ դրական: Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, գնահատականները քաղաքականացվում են եւ կախված այն բանից, թե ով է խոսում այդ գործարքի մասին, կարելի է նախապես կանխատեսել, թե ինչ կասի: Անաչառ գնահատականներ առանց քաղաքական նպատակներ հետապնդելուՙ կամ ընդհանրապես, կամ գրեթե չեն տրվում: Գուցե դա բնական է քաղաքական պայքարի մեջ գտնվող ուժերի համար, բայց բնակչությունն այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, թե, ի վերջո, Հայաստանի շահերի՞ց էր բխում այդ գործարքը, թե՞ ոտնահարում էր դրանք, ի՞նչ կողմնակի գործոններ են ազդել այդ գործարքի վրա, ի՞նչն է դրական մեզ համար, ի՞նչըՙ բացասական:
Հայաստանն ի սկզբանե եւ ներկայումս անկախ չէ էներգետիկ առումով
Նախ հարկ է պատկերացում կազմել, թե ի՞նչ էներգետիկ հզորություններ ունենք եւ ի՞նչ աղբյուրներից են դրանք սնվում: Հայտնի է, որ մեր էներգետիկ պահանջարկի 40 տոկոսն ապահովում է ատոմակայանը, 40 տոկոսըՙ ջերմաէլեկտրակայանները, 20 տոկոսը հիդրոէլեկտրակայանները: Վերոնշյալից միայն հիդրոկայանների արտադրած էլեկտրաէներգիան է ստեղծվում ներքին աղբյուրներիցՙ մեր գետերից: Ընդ որում, պետք է չմոռանալ նաեւ, որ Սեւան-Հրազդան կասկադը սնվում է Սեւանի ջրով, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում լճի վրա: Այսինքն, մեր էներգետիկ պահանջարկի մոտ մեկ հինգերորդ մասն ենք ապահովում ներկայումս: Միջազգային կառույցներից ֆինանսավորվող զանազան ծրագրերով, ինչպես նաեւ կառավարության սահմանած ՀԷԿ-երից էլեկտրաէներգիայի գնման որոշակի ժամկետում երաշխավորված սակագնի շնորհիվ, կառուցվում եւ նախատեսվում է կառուցել մի քանի տասնյակ ՀԷԿ-եր, որոնք կարող են բավարարել մեր էներգետիկ պահանջարկի 30, լավագույն դեպքում, եթե ներառենք նաեւ այլընտրանքային էներգետիկան, 35 տոկոսը:
Փաստորեն, կարող ենք ամրագրել, որ Հայաստանն էներգետիկ առումով գերազանցապես կախման մեջ է գտնվում այլ երկրից, տվյալ դեպքում Ռուսաստանից, քանի որ ատոմակայանի վառելիքը եւ ջերմակայանների գազը մեր երկիրը ստանում է Ռուսաստանից: Ի դեպ, չմոռանանք, որ իրերի նման դրվածքը գալիս է խորհրդային տարիներից: Թե ինչ տեղի ունեցավ, երբ Հայաստանը հայտնվեց շրջափակման մեջ եւ դադարեց աշխատել նաեւ ատոմակայանը, երեւի իմաստ չունի հերթական անգամ հիշեցնել: Հիդրոէներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի զարգացման ծրագրերը, Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, գազի պահեստարանների ընդլայնումը, նոր ատոմակայան կառուցելու մոտեցումն այդ կախվածությունը որոշակիորեն նվազեցնելու նպատակ ունեն:
Այսինքն, նախ հարկ է հստակ նշել, թե ինչ է նշանակում կախման մեջ գտնվել էներգետիկ ռեսուրսների առումով: Դա այն է, երբ չունես էներգիայի սեփական աղբյուրներ կամ ունեցածդ մեծ դեր չունի ընդհանուրի մեջ: Այդ դեպքում հարկ է, որ այդ աղբյուրներն ավելանան եւ սկսեն ավելի մեծ տեսակարար կշիռ ունենալ: Իսկ դրա համար, ամեն ինչից զատ, նաեւ ժամանակ է պետք:
Գործարքն ավելի շատ արդարացված կարելի է համարել, քան հակառակը
Եթե «Գազպրոմ»-Հայաստանի կառավարություն գործարքը դիտարկենք վերոնշյալ տեսանկյունից, ապա պետք է համարենք արդարացված մեզ համար: Հայաստանը երեք տարով ստանում է գազի երաշխավորված ցածր սակագին, որի ընթացքում սեփական աղբյուրների վրա հիմնված էներգետիկ հզորությունները կավելանան, կսկսենք գազ ստանալ հարեւան Իրանից, մեր ձեռնարկությունները կշարունակեն թողարկել չթանկացած արտադրանք, այն դեպքում, երբ մեր հարեւան եւ ԱՊՀ այլ երկրների ընկերությունները գազի, հետեւաբար եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետեւանքով ստիպված կլինեն թանկացնել իրենց ապրանքների գները: Մի խոսքով, հայկական ապրանքները չեն դառնա ավելի թանկ եւ քիչ մրցունակ այս երեք տարվա ընթացքում, հատկապես եթե խոսքն արտահանման մասին է: Ինքնին հասկանալի է նաեւ գազի սակագների անփոփոխ մնալու սոցիալական նշանակությունը: Բացի այդ, նախատեսում է վերակառուցել ներկայումս կիսակառույց վիճակում գտնվող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը:
Գործարքը բացասական գնահատողները մատնացույց են անում այն հանգամանքը, որ Հրազդանի ՋէԿ-ը «Գազպրոմին» անցնելով եւ «Հայռուսգազարդ» ընկերության մեջ նրա բաժնեմասի ավելացմամբ, Հայաստանում մեծանում է ռուսական ազդեցությունը: Քանի որ հայկական եւ ռուսական կողմերը հերքում են Իրան-Հայաստան գազամուղը ռուսներին հանձնելու տեղեկությունը, ապա դրան այս պահին չարժե անդրադառնալ:
Բնական է, որ ռուսական ազդեցության ավելացումն ունի իր բացասական հետեւանքները: Այլ կերպ չէր էլ կարող լինելՙ եթե ստանում ես մի բան, պետք է զիջես այլ բան: Ակնհայտ է, որ Ռուսաստանը, ավելացնելով իր ներկայությունը Հայաստանում, կարող է քաղաքական եւ այլ ճնշումներ իրականացնել Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Ակնհայտ է նաեւ, որ եթե այս ոլորտում միայն ռուսական ընկերություններ չլինեին, շատ ավելի լավ կլիներ:
Այդուհանդերձ, հարկ է ընդգծել, որ մեր երկիրը, անկախ նրանից, թե ով է նախագահըՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ նրա հաջորդը, էներգետիկ հզորությունների դիվերսիֆիկացման լայն հնարավորություններ չունի: Եվ անգամ այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի իրականացումից հետո կշարունակենք մեծապես կախված մնալ ռուսական էներգառեսուրսներից: Հարկ է չմոռանալ եւս մեկ կարեւոր գործոն: Հայաստանը Ռուսաստանից ստանում է զենք եւ զինամթերք միջազգային գներից ցածր գներով, ինչի մասին թվեր հրապարակելու իրավունք, բնականաբար, իշխանությունները չունեն:
Բացի այս գործարքի վերաբերյալ վերեւում նշված բոլոր դրական եւ բացասական գործոններից, հարկ է դիտարկել, թե ինչ տեղի կունենար, եթե այս պայմանագիրը չկնքվեր եւ Հայաստանը գազ ստանար բարձրացված սակագներով: Ռուսական առանց այն էլ մեծ ներկայությունը չէր ավելանա, բայց կունենայինք ավելի թանկ, հետեւաբար ցածր մրցունակությամբ արտադրվող ապրանքներ, բնակչությանը մատակարարվող թանկ գազՙ դրա սոցիալական հետեւանքներով: Եթե անգամ Հրազդանի ՋԷԿ-ն էլ նորոգեր ոչ թե ռուսական, այլ իրանական ընկերություն, ինչի արդյունավետությունն, ի դեպ, ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ դեպքերում չի կարելի երաշխավորված համարել, ապա պարզ է, որ մեր տնտեսությունը կտուժեր, իսկ բնակչության սոցիալական վիճակը կվատթարանար: Այդ դեպքում արդեն Հայաստանի կախվածությունն, այդ թվում քաղաքական եւ ոչ միայն Ռուսաստանից, ավելի կմեծանար, եւ Հայաստանի իշխանություններին անճարակության մեջ մեղադրելը միանգամայն արդարացված կլիներ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ