«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2006-04-08 | #65, 2006-04-11 | #66, 2006-04-12


ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԳՈՐԾԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ

Վարձակալության 4-րդ տարվանից սակագինը կսկսի նվազել

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Երեւանում ջրի սակագնի բարձրացման մասին «Երեւան ջուր» ընկերությանՙ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտին: Հիշեցնենք, որ ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերությունը, շահելով Երեւանի ջրմուղ-կոյուղու համակարգը 10 տարով վարձակալելու մրցույթը, իր ներկայացրած ֆինանսական առաջարկում վարձակալության առաջին երեք ամիսների համար առաջարկել էր սակագնի բարձրացում, որին պետք է հաջորդի դրա աստիճանական նվազումը: Հանձնաժողով ներկայացրած հայտում փաստորեն ներկայացվել է այն սակագինը, որն առկա էր ֆինանսական առաջարկումՙ 1 խմ ջրի դիմաց 172,8 դրամ: Այս կապակցությամբ երեկ պարզաբանումներ տվեց ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխնախագահ Գագիկ Խաչատրյանը:

Հիմնական հարցն ուղղված կոմիտեի փոխնախագահին այն էր, թե հնարավո՞ր է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չհաստատի ֆրանսիական ընկերության ստեղծած «Երեւան ջրի» սակագնային հայտը, այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը արդեն «Ժեներալ դեզ Օ»-ին ճանաչել է մրցույթի հաղթողՙ հիմք ունենալով հենց նրա սակագնային առաջարկը: Պատասխանելով այս հարցին, Գագիկ Խաչատրյանը հայտնեց, որ վարձակալության մրցույթ հայտարարելիս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է իր առաջարկները, իսկ հանձնաժողովի փոխնախագահը եղել է մրցութային հանձնաժողովի կազմում: Այսինքն, մրցութային հանձնաժողովը այդ հանգամանքը հաշվի է առել, եւ մրցութային առաջարկում ընտրվել է սակագինը: Ըստ կոմիտեի փոխնախագահի, այնպես չի կարող լինել, որ իշխանությունները համաձայնագիր կնքեն մրցույթում հաղթած կազմակերպության հետ, իսկ հետո չհամաձայնեն իրենց իսկ հաստատած պայմաններին:

Գագիկ Խաչատրյանը հայտնեց, որ «Երեւան ջուր» ընկերությունը մայիսի 1-ից կսկսի իր գործունեությունը, իսկ հավանաբար հունիսի 1-ից էլ ուժի մեջ կմտնեն նոր սակագները: Նա վերստին հիշեցրեց, որ վարձակալության 10 տարիներին ֆրանսիական ընկերությունը համակարգի նորոգման համար 20 մլն դոլար կներդնի Համաշխարհային բանկի վարկային ծրագրով, 17,6 մլն եվրոՙ սակագներից ստացված գումարներից, եւս 6,4 մլն եվրո էլ սարքավորումների եւ գույքի տեսքով պետք է լինեն ընկերության սեփական ներդրումները: Կոմիտեի փոխնախագահն ընդգծեց, որ վարձակալության ժամանակ ընկերության շահույթի չափը կախված կլինի համակարգում կորուստների նվազումից: Նախատեսվում է առաջիկա 10 տարում ներկայիս 80 տոկոսից կորուստները հասցնել 45 տոկոսի: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ի տարբերություն բնական մենաշնորհ ունեցող այլ ընկերությունների, շահույթն այդ դեպքում կարող է մեծ լինել, որոշվել է, որ եթե այն գերազանցի 10 տոկոսը, ապա պետք է հավասարապես բաժանվի հայկական եւ ֆրանսիական կողմերի միջեւ: Ամենայն հավանականությամբ, այդ գումարը նորից կներդրվի համակարգում:

Ինչ վերաբերում է սակագնային քաղաքականությանը առաջիկա 10 տարիներին, ապա Գագիկ Խաչատրյանը մեկ անգամ էլ նշեց, որ այն ունենալու է նվազելու միտում: Եթե առաջին երեք տարիներին պետք է կազմի 172,8 դրամ, ապա չորրորդ տարուց սկսած նվազելու է, վեցերորդ տարուց լինելու է ավելի ցածր, քան հիմա էՙ 119 դրամ, իսկ 10-րդ տարում մայրաքաղաքում խմելու ջրի սակագինը կկազմի 95 դրամ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4