«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2006-04-08 | #65, 2006-04-11 | #66, 2006-04-12


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Պետք է ոչ միայն ծրագրեր ստեղծել, այլեւ օգտագործել

Այս տարվա փետրվարի 16-ից Եվրոպայում (գրասենյակը` Վիեննայում, Ավստրիա) գործում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների` ՏՏ ոլորտի ներկայացուցչությունը` ի դեմս Ռոբերտ Թրաուսինգի: Սա նմանօրինակ ներկայացուցչության երկրորդ գրասենյակն է, իսկ առաջինը գործունեություն է ծավալում արդեն 2004 թ.-ից` Կանադայում:

Այս ամենն իրագործվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) նախաձեռնությամբ: Ինչպես ներկայացրեց հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը, Կանադայում ներկայացուցչության աշխատանքի արդյունքում բավականին հաջողություն է գրանցվել` 64 կանադական եւ ավելի քան 20 տեղական կազմակերպությունների համագործակցության տեսքով: Երկրորդ գրասենյակի բացումը Եվրոպայում մի քանի հիմնական նպատակ ունի. տեղական եւ եվրոպական ՏՏ մասնավոր կազմակերպությունների կապերի հաստատում, պայմանագրերի ստորագրում ինչպես պատվերներ ստանալու, այնպես էլ ՏՏ տեղական ոլորտի արտադրանքը եվրոպական շուկայում խթանելու համար: Կարեւոր խնդիր կլինի Եվրոպայում Հայաստանի իմիջի ձեւավորումը որպես ՏՏ երկրի:

Հայաստանի ՏՏ եվրոպական ներկայացուցիչ Ռոբերտ Թրաուսինգը, որ նախկինում 2002 թ.-ից Lycos Armenia ընկերության ծրագրերի զարգացման բաժնի ղեկավարն է եղել, ոլորտի առումով Հայաստանը աշխարհի քարտեզի վրա սպիտակ կետ որակեց. երբ առաջարկ է լինում Հայաստանում ներդրումներ իրականացնելու, մարդիկ չգիտեն անգամ, թե որտեղ է Հայաստանը: Եվրոպական ներկայացուցչությունը հատուկ ուշադրություն կդարձնի ուսումնական եւ գործնական գործուղումներին, ծրագրավորման գործընթացների կառավարման ուղղությամբ սերտիֆիկացման հարցերին եւ այլն:

Այնուհետեւ, ինչպես ներկայացրեց Բագրատ Ենգիբարյանը, ՁԻՀ-ի ու Միացյալ Նահանգների Քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման համատեղ նոր նախաձեռնությամբ մայիսի 1-ից կիրականացվի Գիտությունների եւ տեխնոլոգիաների ձեռներեցության դրամաշնորհային ծրագիրը, որ նպատակ ունի նպաստելու հայ գիտնականների եւ մասնավոր հատվածի համագործակցությանը Հայաստանում եւ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ զարգացնելու գիտնականների գործարար հմտություններն ու մրցունակությունը, նպաստելու գիտության եւ բիզնեսի համատեղ նախաձեռնությունների ստեղծմանը: Այդ նպատակով ՁԻՀ-ը կանցկացնի դրամաշնորհային մրցույթ, վենչուրային կոնֆերանս, գործարար ու իրավաբանական խորհրդատվություն եւ դասընթացներ, նաեւ սեմինարներ, տարբեր հանդիպումներ:

«Ազգի» հարցին, թե որոնք են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վերջին միջազգային զեկույցում Հարավային Կովկասում Հայաստանի վերջինը լինելու պատճառները, պրն Ենգիբարյանը նախ ճշգրտեց, որ զեկույցը վերաբերել է Հայաստանի ՏՏ նմանատիպ ինֆորմացիոն գործիքների օգտագործմանը: «Հայաստանը, բնականաբար, պիտի վերջին տեղերից մեկում լիներ, որովհետեւ այսօր այդ խնդիրն է քննարկվում, նաեւ կառավարությունում: Խնդիրն այն է, որ ունենալով նմանատիպ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերություն, այսինքն` ՏՏ ծրագրավորման ոլորտում աշխատող բիզնեսներ, ունենալով բացառիկ հաջողություններ եւ ընկերություններ, որոնք Հայաստանը չէր կարող անգամ երազել եւ այսպիսի ներդրումներ, որ կատարվում են (Alcatel, Microsoft, Synopsis եւ այլն), լուրջ բաց է, որ այս բոլոր գործիքները չեն կիրառվում մեր երկրում: Զեկույցում ուսումնասիրված կազմակերպություններն ուսումնասիրվել են ամբողջ ՀՆԱ-ում համապատասխան բաժիններով, իսկ չմոռանանք, որ մեր ՀՆԱ-ում մեծ բաժին ունի գյուղատնտեսությունը: Այդ դեպքում արդյոք մենք պետք է առաջնայնություն համարե՞նք ՏՏ-ների տարածումը գյուղատնտեսության ոլորտում, այլ ոչ թե այլ ուղղություններով»: Այսինքն` պետք է կարեւորել ոչ միայն ՏՏ արդյունաբերության, այլեւ հասարակության զարգացումը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4