«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2006-04-08 | #65, 2006-04-11 | #66, 2006-04-12


«ՄԵՆՔ ՉԵՂԱԾ ԲԱՆԸ ՎԱՃԱՌԵՑԻՆՔ 250 ՄԻԼԻՈՆՈՎ ԵՎ...

Պետք չէ զբաղվել նոստրադամուսյան գուշակություններով»

Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը քննարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների զինվորական կադրերի պատրաստման համաձայնագրի սահմանադրականությունը ՀՀ գլխավոր օրենքին: Քննարկումից հետո պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ճեպազրուցեց լրագրողների հետ եւ ընթացքում մի քանի ուշագրավ դիտարկումներ արեց քաղաքական ու տնտեսական դաշտում առկա իրողությունների վերաբերյալ: Նախարարը կարծում է, որ նույնիսկ հիմա, երբ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ նկատելի ակտիվություն են դրսեւորում, ինքը չի տեսնում առաջվանից տարբեր իրավիճակ: Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը (եթե կողմերն այս տարի էլ համաձայնության չգան), ապա Հայաստանի պաշտպանության նախարարը (եւ հատկապես հիմա) միշտ պիտի համարի, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել եւ պիտի պատրաստ լինել դրանց:

«Քաղաքական գործընթացներն ընթանում են իմ ծրագրերին համապատասխան»

Սերժ Սարգսյանն առայժմ չի շտապում քաղաքական որեւէ ուժի հետ համագործակցել, հիմիկվանից չի մտահոգվում նախագահական ընտրություններին նախապատրաստվելով` քանի որ «քաղաքական գործընթացներն առայժմ ընթանում են իր ծրագրերին համապատասխան» եւ նախագահական ընտրություններին նրա մասնակցության հարցը կախված կլինի նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:

Գազի գնի իջեցման դիմաց Հրազդանի 5-րդ էներգաբլոկը Ռուսաստանին հանձնելը նախարարը նպաստավոր գործարք է համարում, քանի որ այդ գործարքի առարկան անհուսալի վիճակում էր հայտնվել: «5-րդ բլոկն այս պահին նման է մի 3 հարկանի տան, որը նկուղից բացի ուրիշ ոչինչ չունի: Կարծում եմ, կգա ժամանակը, եւ մենք ավելի համոզիչ փաստարկներ կբերենք այս քայլի ճշմարտացիության վերաբերյալ: Մարդիկ, իրենց գիտունիկների տեղ դնելով, ելույթ են ունենում եւ ասում, որ 5-րդ բլոկը վերանորոգելու համար 150 մլն դոլար է պետք: 5-րդ բլոկն իբր աշխատո՞ւմ է, որ պիտի վերանորոգվի, այն էլ «ընդամենը» 150 մլն-ով: Այդ մարդկանց համար 150 մլն-ը «ընդամենն» է: Որտեղի՞ց պիտի վերցնել այդ 150 մլն-ը:

5-րդ բլոկի վրա առնվազն պիտի ծախսվի եւս 180 մլն, եւ այդ ծախսերը կարող են փոխհատուցվել լավագույն դեպքում 10 տարվա ընթացքում, 2017 թվականին: Իսկ թե օգուտն ինչպիսին կլինի, մինչեւ այդ գազն ինչքան կթանկանա, դա միայն Նոստրադամուսին հայտնի կլինի: Ո՞րն է ճիշտ, չեղած բանը 250 մլն-ով վաճառե՞լ, թե՞ սպասել 2017 թվականին մի քանի կոպեկ ունենալուն: Եվ այսպես խոսողները մտածու՞մ են արդյոք, թե ինչ կլիներ, եթե գազը ժողովրդին վաճառվեր այն գնով, ինչ նախատեսվում էր»:

«Ճղճղան» հակառուսական խմբեր

Արձագանքելով գազի գնի թանկացումներից առաջ ՌԴ նախագահ Պուտինի այն դատողությանը, թե տնտեսությունն ու քաղաքականությունը չպետք է խառնել իրար, նախարարը շարունակեց. «Մենք պիտի նայենք, թե մեր տնտեսության համար ինչպիսի շահավետ առաջարկներ են լինում, եւ չասենք, որ եթե այդ առաջարկ անողը Ռուսաստանն է, ուրեմն պետք չէ, եթե, ենթադրենք, Բելգիան է, պետք է: Ցավոք, մեր հասարակության մեջ խմբեր կան, որոնց վրա Ռուսաստան բառը նույն ներգործությունն է ունենում, ինչ ցուլի վրա կարմիր գույնը»: Նախարարի գնահատականովՙ Հայաստանում հակառուսական խմբերը ոչ միայն ազդեցիկ չեն, այլեւ «ճղճղան» տպավորություն են թողնում:

Նախարարը հիշեցրեց, որ 5-րդ էներգաբլոկը ձեռք բերելու մտադրություն ռուսական կողմը դեռ 5-6 տարի առաջ է ունեցել, պայմանով, որ կառուցվելուց հետո ՀՀ-ն պիտի պարտավորվի ամբողջովին իրացնել արտադրված հոսանքը: Առաջարկն այն ժամանակ մերժվել է, քանի որ Հայաստանը հոսանքի ավելի էժան աղբյուրներ ունի:

Ռազմական ուսուցման միասնական ստանդարտներ Հավաքական անվտանգության պայմանագրի երկրներում

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն, իբրեւ ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, երեկ սահմանադրական դատարանում 2005 թ. հունիսի 23-ին Մոսկվայում ստորագրված հավաքական անվտանգության պայմանագրի առանձին դրույթներ պարզաբանեց: Համաձայնագիրը սահմանում է անհատույց, արտոնյալ պայմաններով ուսուցումների, զինվորական ուսումնական հաստատությունների ավարտի եւ գիտական աստիճանների շնորհման մասին փաստաթղթերի համարժեքության ճանաչման կարգերը, նշում, որ կրթական դասընթացներն իրականացվելու են ռուսերենով:

Անհատույց ուսուցման դեպքում ուսուցման եւ կեցության ծախսերը կատարելու է ընդունող կողմը, արտոնյալի դեպքում` ուսուցման ծախսը կհոգա ընդունողը, կեցությանը` ուղարկողը: Արդեն հաստատվել է նաեւ անդամ երկրներում զինվորական կադրերի համատեղ պատրաստմանը մասնակից ուսումնական հաստատությունների ցանկը: Հայաստանից այդ ցանկում ընդգրկված է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմա-բժշկական ֆակուլտետը` 3 մասնագիտացումներով: ՌԴ-ից ցանկում 45 ուսումնական հաստատություն է, Բելառուսից` 6:

Այս պահին ՌԴ 23 ռազմաուսումնական հաստատություններում 30 մասնագիտություններով սովորում է 318 հայ կուրսանտ, 270-ը` արտոնյալ պայմաններով, 48-ը անցյալ տարվանից` անհատույց հիմունքներով: Այս տարի անհատույց հիմունքներով սովորելու ուղեգիր կստանան եւս 56 կուրսանտներ:

Ռազմական ակադեմիաներում արտոնյալ պայմաններով (2 տարի ժամկետով) սովորում են 120 սպա, 2006 թվականին նախատեսվում է սովորելու ուղարկել եւս 51 սպայի: Ռուսաստանից բացի նաեւ ԱՄՆ-ում, Անգլիայում, Չինաստանում, Իտալիայում տարեկան 30-35 սպաներ արտոնյալ հիմքերով վերապատրաստվում են կարճաժամկետ դասընթացներում: Երկարաժամկետ ուսուցում իրականացնում է միայն Ռուսաստանը:

Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար եւ նպաստավոր գնահատեց համաձայնագրի վավերացումը:

Առայժմ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի անդամ երկրներից միայն բելառուսական կողմն է ծանուցել համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4