«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2006-04-12 | #67, 2006-04-13 | #68, 2006-04-14


ՉԱՍԵԼ ՈՒ ՉԳՐԵԼ. ՍԱ՞ Է ԽՆԴԻՐԸ

Արցախում այսօր լույս են տեսնում երկու տասնյակից ավելի պարբերականներ, որոնց մեջ գերակշռում են երկշաբաթաթերթերն ու ամսաթերթերը, իսկ օրաթերթ առհասարակ չկա: Միջին տպաքանակը տատանվում է 500 օրինակի սահմաններում, եթե բացառենք զինվորական «Մարտիկ» եւ կրթական «Լուսարար» գերատեսչական թերթերը: Վերջիններիս տպաքանակը համապատասխանաբար 5500 եւ 2800 օրինակ է յուրաքանչյուր համարի հաշվարկով:

Պարբերականներին ֆինանսապես խրախուսելու նպատակով ԼՂՀ կառավարությունն ամեն տարի համարյա բոլոր թերթերին հատկացնում է գումարներ սուբսիդիայի ձեւով, ամենատարբերՙ կես միլիոնից մինչեւ տասնյակ միլիոն դրամի հասնող գումարաչափերով: Թե ինչ անհատական սանդղակներ են օգտագործվում թերթերը ֆինանսավորելիս, այդպես էլ չհաջողվեց իմանալ սուբսիդիաների բաշխմամբ պաշտոնապես զբաղվող ԼՂՀ կառավարության սոցիալական հարցերի բաժնում:

2006 թ.. քանի՞ լրատվամիջոց է ընդգրկվել ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող ԶԼՄ-ների ցանկում, քանի՞սն է մերժվել եւ ի՞նչ հիմքերով: Մասնավորապես, ի՞նչ հիմքով է մերժվել «Գործաշխարհ» իրավատնտեսական ամսաթերթի սուբսիդավորումը: Այս հարցադրումներին, սակայն, կառավարության սոցբաժնի վարիչ Մ. Գասպարյանը հրաժարվեց պատասխանել, ասելով, թե նման հարցապնդումները շանտաժ են, թեպետ լրագրողի իմ հետաքրքրասիրությունն ուղղակիորեն բխում էր «Զանգվածային լրատվության մասին» ու «Տեղեկատվության ազատության մասին» ԼՂՀ օրենքների համապատասխան դրույթներից:

Առանց մատնանշելու ԼՂՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»), երբ Մ. Գասպարյանին ակնարկել եմ, որ մտադիր եմ նրա հրաժարվելու մասին «Ազգում» գրել, վերջինս արժանապատիվ կեցվածքով հայտարարել է. «Մեկ է, ինձ չես կարող սեւացնել, ես մաքուր մարդ եմ»: Անշուշտ, ոչ ոք կասկածի չի ենթարկում պարոն Գասպարյանի մարդկային նկարագիրը, խոսքը զուտ չինովնիկական քմահաճույքների մասին է, որին չանդրադառնալը լրագրողական անհետեւողականություն կլիներ: Թերեւս հիշեցնելու հարկ կա, որ պետբյուջեից լրատվամիջոցներին հատկացվելիք գումարների բաշխումը պաշտոնյային բնավ էլ սեփական ըմբռնումներով ու ցանկություններով առաջնորդվելու արտոնություն չի տալիս: Դա նրա աշխատանքի մի մասն է, որի կատարման արդյունքով էլ որոշվում է «չինովնիկական մաքրության» աստիճանը:

Չգիտես ինչուՙ Արցախում պաշտոնյաները երբեմն ցավով են արձագանքում, երբ իրենց հրապարակավ քննադատում են: Բանը նույնիսկ հասնում է դավաճանության որակման, իբր իշխանություններին քննադատելը կարող է վնասել միջազգայնորեն չճանաչված մեր երկրի վարկանիշին: Այսպիսի մոտեցումներն առավել բնորոշ են միջին օղակի աստիճանավորներին: Հենց նրանց վերաբերյալ է խիստ արտահայտվել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, երբ 2004 թվականի դեկտեմբերի 16-ի իր հանրահայտ ելույթում ասել է, թե միջին օղակի պաշտոնյաների անպատասխանատու վերաբերմունքը հասարակության խնդիրներին բացասաբար է անդրադառնում հանրապետության ղեկավարության հեղինակությանը: Նախագահի այս դիտողությանը չհամաձայնել չես կարող, որովհետեւ եթե լրագրողը չի կարողանում բավարարում ստանալ իրեն հետաքրքրող հարցում, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ վերաբերմունքի են արժանանում շարքային քաղաքացիները քմահաճ «միջինօղակայիններին» դիմելիս:

Ի դեպ, սոցբաժնում ակնկալվող պատասխանը չստանալով, ստիպված նույն հարցով գրավոր դիմել եմ ԼՂՀ վարչապետին, օրեր անց դիմումը վերաուղարկվել է սոցիալական հարցերի բաժին:

Իսկ, առհասարակ, ողբերգություն չէ, որ ԼՂՀ-ում օրինական կարգով հաշվառված մի լրատվամիջոց պետության կողմից չի ֆինանսավորվում: Գոնե այդ թերթի անկախությունը դրանով ապահովված է:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4