Ժամկետանց դեղեր արդեն չեն մտնում
Վերջին մի քանի տարիներինՙ 2001 թ.-ից մինչեւ 2005 թ.-ը Հայաստան առաքվող բարեգործական բեռները 75 մլրդ դրամից նվազել են մինչեւ 15 մլրդ դրամի: Այս մասին երեկ, ներկայացնելով Հայաստանի կառավարության հաստատած 2005 թ.-ին իրականացված բարեգործական ծրագրերի մասին հաշվետվությունը, հայտնեց Հայաստանի կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ անցյալ տարի Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացրել 145 կազմակերպություններՙ 41,8 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ, որից գրեթե 27 մլրդ դրամը բարեգործական աշխատանքներն են ու ծառայությունները: Ի տարբերություն բեռների, նախորդ տարվա համեմատ բարեգործական ծրագրերին տրամադրվող գումարն ավելացել է շուրջ 9 մլրդ դրամով: Ինչպես բարեգործական բեռները, այնպես էլ ծրագրերն ու ծառայությունները հիմնականում առողջապահության ոլորտին են ուղղվելՙ ներմուծված բեռների մոտ 70 տոկոսը եւ աշխատանքների ու ծառայությունների 33 տոկոսը: Անցյալ տարվա ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում կառուցվել եւ վերակառուցվել են 201 բնակարան, 5 ջրագիծ եւ 22 դպրոց:
Ըստ երկրների, բեռների 74 տոկոսը ներմուծվել է ԱՄՆ-ից, այնուհետեւ Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից: Շարունակվել են ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամի չվերթերը, որոնցով Հայաստան են բերվել 153 տոննա բեռներ:
Սիմոն Տեր-Սիմոնյանը հայտնեց, որ անցյալ տարվանից Հայաստանն արգելել է օգտագործված կոշիկի, խաղալիքների եւ «Պենտիում-1» համակարգիչների ներմուծումը եւ նպատակ կա արգելել նաեւ «Պենտիում-2» եւ «Պենտիում-3» համակարգիչների ներմուծումը: Ինչ վերաբերում է բարեգործական ճանապարհով ներմուծվող դեղերին, ապա շնորհիվ օրենքում կատարված փոփոխության, ըստ որի այդ դեղերը պետք է ունենան առնվազն 1 տարվա օգտագործման ժամկետ եւ դրանց բերելը համաձայնեցվեն մեզ հետ, 2004-2005 թթ.-ին ժամկետանց դեղեր Հայաստան չեն մտել:
Ա. Մ.