ՖԻՖԱ-ի բողոքարկման հանձնախումբն ուժի մեջ է թողել կարգապահական կոմիտեի որոշումը` Թուրքիայի հավաքականի եւ նրա առանձին ֆուտբոլիստների պատժամիջոցների վերաբերյալ` մերժելով այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Ստամբուլում կայացած Թուրքիա-Շվեյցարիա անցումային խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների համար Թուրքիայի հավաքականը սեփական հարկի տակ առաջիկա պաշտոնական 6 հանդիպումները պետք է անցկացնի նվազագույնը երկրից 500 կմ հեռավորության վրա գտնվող չեզոք դաշտում: Բացի այդ, Թուրքիայի ֆեդերացիան տուգանվել էր 130 հազար եվրոյով: Հավաքականի խաղացողներ Ալպայ Օզալանն ու Էմրե Բելեզօղլին որակազրկվել էին 6 խաղով եւ տուգանվել 10 հազարական եվրոյով: Սերկան Բալչին որակազրկվել էր 2 խաղով եւ տուգանվել 3 հազար եվրոյով: Պատժվել էր նաեւ գլխավոր մարզչի օգնական Մեհմետ Էզդիլեկը` մեկ տարով որակազրկում ու 10 հազար եվրո տուգանք:
Պատժվել էր նաեւ շվեյցարացի ֆուտբոլիստ Բենջամին Հյուգելը` 6 խաղով որակազրկում եւ 10 հազար եվրո տուգանք: Թիմի բժիշկ Ստեֆան Մայերը որակազրկվել էր 2 խաղով եւ տուգանվել 4 հազար եվրոյով:
Այժմ թուրքերին մնում է դիմել վերջին ատյանին` Լոզանի մարզական դատարան: Թուրքիայի ֆեդերացիան ներկայում սեփական հարկի տակ նախատեսված խաղերի համար մարզադաշտ է որոնում: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան ընտրական հանդիպումները կանցկացնի Բաքվում: Դիտարկվում է նաեւ Վրաստանի տարբերակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ