Օրերս տեղի ունեցավ բաժանմունքի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, ՀՀ առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը, «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Մարտին Կուզիկյանը, Նորքի հիվանդանոցի նույն բաժանմունքի վարիչ Ռազմիկ Պանդունցը, գերմանական «Ֆրեզենյուս» կազմակերպության Երեւանի գրասենյակի ներկայացուցիչ Վարազդատ Պիվազյանը, Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցի տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը, այլ հյուրեր:
-Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի տարեգրության մեջ այսօր մեծ իրադարձություն է,- ասաց տնօրեն Կարեն Ադամյանը,- բացվում է մի բաժանմունք, որի անհրաժեշտությունն անչափ շատ էր զգացվում: Արդեն 18 օր բաժանմունքն աշխատում է, հիվանդներ ունենք ե՛ւ մեր, ե՛ւ հարեւան Տավուշի մարզից:
- Բաժանմունքը բուժօգնություն է ցուցաբերում այն հիվանդներին, ովքեր երիկամների անբավարարություն ունեն, երիկամները չեն գործում,-շարունակեց Կ. Ադամյանը: - Բոլոր սարքավորումները, որոնք տեղադրված են ներքնահարկում եւ բաժանմունքում, օգնում են արյունը մաքրել շլակներից (վնասակար նյութերից) եւ պահպանել բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Այսինքնՙ այն պրոցեսները, որոնք պետք է տեղի ունենան օրգանիզմում առողջ երիկամի դեպքում, կատարվում են դրսումՙ սարքավորումների միջոցով, եւ հիվանդի ինքնազգացողությունը բարելավվում է: Ես կրկին ուզում եմ շեշտել գերմանական «Ֆրեզենյուս» կազմակերպության մեծ ներդրումը, որը մեզ շուրջ 80 հազար դոլարի սարքավորումներ նվիրեց եւ շարունակում է նվիրել: Շատ կարեւոր է նաեւ մարզպետի դերը, քանզի նրա անմիջական միջնորդությամբ եւ առողջապահության նախարարի նախաձեռնությամբ մեզ հատկացվեց ջրի եւ կոնցենտրատների մաքրման թանկարժեք մի սարքավորում: Երախտիքի խոսք եմ ուզում ասել նաեւ «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի, «Արդվին» էլեկտրամեխանիկական գործարան» ԲԲԸ-ի եւ «Էլեկտրոն» ՓԲԸ-ի ղեկավարներին ու վարպետներին: Նրանց պատրաստած բարձրորակ սարքավորումների շնորհիվ մենք կարողացանք խուսափել դրանք գնելուց, որը շատ թանկ կարժենար:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ