Թուրքիայում ավարտված շախմատի Եվրոպայի առաջնությունում որոշվել էին կանանց եւ տղամարդկանց մրցաշարերի հաղթողներն ու արծաթե մրցանակակիրները, իսկ ահա բրոնզե մեդալների տերերին պետք է որոշեին լրացուցիչ մրցախաղերը, քանի որ մի խումբ շախմատիստներ վաստակել էին հավասար միավորներ:
Կանանց մրցաշարում հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տված Լիլիթ Մկրտչյանը 7,5 միավորով մի խումբ մասնակիցների հետ բաժանել էր 3-11-րդ տեղերը: Բրոնզե մեդալակրին որոշելու նպատակով 9 շախմատիստուհիները օլիմպիական մրցակարգով արագ շախմատի մրցաշար անցկացրին: Վիճակահանությամբ Լիլիթը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ նրա մրցակցուհին Ելենա Սեդինան էր: Մրցակարգի համաձայն մրցակցուհիները հաղթողին պետք է որոշեին արագ շախմատի կանոններով անցկացվող մրցախաղերում: Լիլիթը մրցակցուհուն հաղթեց 1,5-0,5 հաշվով: Հաջորդ փուլում նա մրցեց Նատալյա Ժուկովայի հետ: Արագ շախմատի երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի եւ հաղթողը որոշվեց կայծակնային մրցախաղում: Այստեղ Լիլիթը առավելության հասավ 1,5-0,5 հաշվով եւ իրավունք ստացավ շարունակելու պայքարը: Այս փուլի մյուս զույգերում միեւնույն 2-0 հաշվով Անտուանետա Ստեֆանովան պարտության մատնեց Իլահա Կադիմովային, իսկ Իննա Գապոնենկոն առավելության հասավ Սոպիո Գվեթաձեի նկատմամբ: Իսկ ահա Ելենա Դեմբոյի եւ Աննա Մուզիչուկի մրցավեճն աչքի ընկավ համառ պայքարով: Հաղթողին որոշելու համար հարկ եղավ հինգ պարտիա անցկացնել: Հետաքրքրական է, որ բոլոր պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան: Հաջողությունն ուղեկցեց Դեմբոյին (3-2):
Հենց Դեմբոյի հետ էլ Լիլիթին վիճակված էր մրցել հաջորդ փուլում: Այս մրցավեճում էլ Մկրտչյանն իրեն հիանալի դրսեւորեց` հաղթելով 1,5-0,5 հաշվով: Նա առավելության հասավ նաեւ Իննա Գապոնենկոյի նկատմամբ եւ արդյունքում նվաճեց բրոնզե մեդալ:
Տղամարդկանց մրցավեճում անցկացված լրացուցիչ մրցախաղերի արդյունքում բրոնզե մեդալակիր դարձավ բուլղարացի գրոսմայստեր Կիրիլ Գեորգիեւը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ