Իգոր Պանտելեյմոնի Գեորգաձեն ծնվել է 1950 թ. հունիսի 23-ին տոհմիկ զինվորականի ընտանիքում: Ավարտել է ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցը, Աֆղանստանում մասնակցել մարտական գործողությունների: Զբաղեցրել է Վրաստանի անվտանգության փոխնախարարի պաշտոնը, պաշտպանության նախարարությունում հիմնել հակահետախուզության վարչություն: 1993-1995 թթ. ղեկավարել է Վրաստանի անվտանգության ծառայությունը: Գեներալ-լեյտենանտ է, ՊԱԿ-ի պատվավոր աշխատակից: 1995 թ. ամբաստանվել է Էդուարդ Շեւարդնաձեի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ եւ ստիպված հեռացել է Վրաստանից: Ու թեեւ եվրոպացի եւ ամերիկացի իրավաբանների մասնակցությամբ անցկացված մանրակրկիտ հետաքննությունը հերքել է մահափորձին Գեորգաձեի մեղսակցության բուն հնարավորությունը, նա մինչեւ օրս հարկադիր տարագրության մեջ է: Ստորեւ որոշ կրճատումներով ներկայացնում ենք «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին նրա տված հարցազրույցը:
- Ինչո՞վ կարելի է բացատրել ռուս-վրացական հակամարտության ներկայիս սրումը:
- Կարծում եմ` ներքաղաքական ձախողումները փոխհատուցելու ցանկությամբ եւ արտաքին քաղաքական ծայրահեղականությամբ: Մեր հանրապետությունում կատարյալ ձախողման վիճակ է. տնտեսությունը փակուղու մեջ է, քրեածին իրավիճակը վատթարացել է մի քանի անգամ: Սաակաշվիլու վարչակարգին հարկավոր է հաղթական փոքր պատերազմ: Այստեղից էլ` Ռուսաստանին եւ Հարավային Օսիային հրահրելու եւ Օսիա զորք մտցնելու ցանկությունը: Ռազմական տեսակետից Վրաստանն ի վիճակի է 3 օրում գրավել Ցխինվալը եւ օկուպացնել Հարավային Օսիան: Իր արեւմտյան «հովանավորների» շնորհիվ այսօր Վրաստանն ունի անհրաժեշտ ռազմական ներուժ:
- Ի՞նչն է խանգարում այդ ծրագրի իրականացմանը:
- Կարծում եմ` Սաակաշվիլու խորհրդականների զգաստամտությունը: Վրաստանը հռչակում է խաղաղ քաղաքականություն, բայց նրա բոլոր քայլերը միտված են իրավիճակի սրմանը: Ամերիկացիներին պետք չէ պատերազմող Վրաստան, մանավանդ` Իրանի հետ հնարավոր ռազմական դիմակայության նախօրեին: Ակնհայտ է, որ այդ դեպքում ամերիկացիները կօգտագործեն Վրաստանի օդանավակայանները: Մինչդեռ պատերազմող Վրաստանը վատ պլացդարմ է:
- Վրաստանի խորհրդարանը փաստորեն միաձայն քվեարկեց ռուսական խաղաղարար ուժերի դուրսբերման օգտին: Մինչդեռ խորհրդարանում կարծես թե ընդդիմություն եւս կա:
- Այնտեղ հետեւողական ընդդիմություն չկա: Որոշ պատգամավորներ խիստ թերահավատ են Սաակաշվիլուՙ որպես անձնավորության հանդեպ: Բայց ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում վրացի պատգամավորները միահամուռ են: Ինչ վերաբերում է խաղաղարարներին... Եկեք անկեղծ խոսենք. կարելի՞ է արդյոք Ռուսաստանին բացարձակապես անկանխակալ համարել վրաց-աբխազական կամ վրաց-հարավօսական հակամարտության մեջ:
- Տարօրինակ կլիներ, եթե այդ գործընթացում Ռուսաստանը միանգամայն չեզոք լիներ:
- Այդ է որ կա: Եկեք վերհիշենք հակամարտության պատմությունը: Ոչ թե Ցխինվալիից տանկեր գնացին Թբիլիսի, այլ հակառակը: Ոչ թե Արձինբան տանկեր մտցրեց Արեւմտյան Վրաստան, այլ վրացական տանկերը շարժվեցին դեպի Սուխում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վրաստանն ընդհանուր առմամբ մտադրվել էր փոքր կայսրության դեր խաղալ: Այն, ինչ կարելի էր Վրաստանին, արգելված էր օսերին եւ աբխազներին: Վրացիները հայտարարեցին. «Մենք չենք ուզում ապրել կարմիր կայսրությունում»: Օսերը եւ աբխազները շարունակեցին. «Իսկ մենք չենք ուզում ապրել վրացական կայսրությունում»: Եվ հարկավոր էր ոչ թե տանկեր մտցնել, այլ նստել բանակցությունների սեղանի շուրջը եւ փաստերով ցույց տալ. ահա այսպիսի հետեւանքներ կունենանք, եթե հակամարտության մեջ մտնենք: Հավաստիացնում եմ, հնարավոր կլիներ կարգավորել բացարձակապես ամեն ինչ: Եվ չէինք ունենա կորսված տարածքներ, իսկ գլխավորը` անջատված բնակչություն:
Ռուսաստանը բռնեց նրանց կողմը, ովքեր կարոտ էին օգնության եւ պաշտպանության: Դրա շնորհիվ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում բնակիչների 98 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են: Թե դա ինչպես եղավ, այլ հարց է: Բայց չէ՞ որ այնտեղ ռուսական անձնագրերը բռնությամբ չեն բաժանել:
Իսկ ռուսաստանցի խաղաղարարներից ի՞նչ են պահանջում Թբիլիսիում: Պահանջում են կարգուկանոն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, վրացիներին օգնել իրենց երկրին վերամիավորելու այդ տարածքները: Բայց ախր դա Ռուսաստանի խնդիրը չէ: Այլ կերպ ասած, Վրաստանը Ռուսաստանից պահանջում է ոստիկանի դեր կատարել: Եվ քանի որ դա տեղի չի ունենում, փորձ է արվում ռուսաստանցի խաղաղարարներին հեռացնել հակամարտության գոտուց: Այնինչ նրանք կայունության եւ արյունահեղության կանխման գործոն են:
- Թբիլիսիում կարծում են, թե ուրիշ երկրի խաղաղարարները նման պարտականությո՞ւն կկատարեն:
- Կարծում եմ, Վրաստանի ներկայիս ղեկավարների բորբոքված ուղեղներում նման հույս առկա է: Իբր եթե հակամարտության գոտում տեղաբաշխված լինեն, օրինակ, ուկրաինացիներ, որոնք նույնպես գունավոր հեղափոխություն են արել, կամ ՆԱՏՕ-ի անդամ մերձբալթյան որեւէ երկրի զորքեր, ապա, ըստ Սաակաշվիլու, ավելի հեշտ կլինի հարցերը լուծել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ: Վրաստանը կկարողանա այնտեղ զորքեր մտցնել իբր խաղաղարարներին պաշտպանելու համար: Այսօր դա անհնար է, քանի որ Ռուսաստանը միանգամայն ունակ է իրեն պաշտպանելու:
Այլ բան է, որ Վրաստանի պահանջով ռուսական խաղաղարար ուժերը միակողմանիորեն դուրս բերելն անհնար է: Քանզի հակամարտող կողմերը երկուսն են: Եվ եթե օսերն ասում են, որ առանց Ռուսաստանի չեն պատկերացնում հաշտության գործընթացը, ապա հարկ է հաշվի առնել այդ դիրքորոշումը: Պահանջելով ռուսաստանցի խաղաղարարների դուրսբերումը, Սաակաշվիլու վարչակարգը մոտեցնում է արյունալի հակամարտությունը: Մենք չգիտես ինչու մոռացել ենք, որ այդ մարդն արդեն արյուն է հեղել Հարավային Օսիայում. այնտեղ զոհվել են 76 վրացիներ եւ 11 օսեր:
- Ամերիկացի սենատորներից մեկը Վրաստանն անվանել է «չկայացած պետություն»:
- Նման ղեկավարության եւ նման ճոռոմաբանության պայմաններում նա չի էլ կարող կայանալ: Սաակաշվիլու ելույթները գրվում են անգլերեն, իսկ կառավարական պաշտոնյաների ռոճիկները վճարում է Սորոսը: Մշտապես ժանդարմական ձեռնարկումներ են իրականացվում ընդդիմության, այդ թվում «Արդարություն» կուսակցության նկատմամբ, որը ես եմ գլխավորում: Միայն վերջերս իրականացվել է չորս տասնյակ ձեռնարկում, որոնց ընթացքում կուսակցության ակտիվիստներին առեւանգել են եւ մերձիմահ ծեծել: Եվ ոչ մի քրեական գործ չի հարուցվել:
Վերջերս կրկին խոսում են Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան մասին: Ըստ պաշտոնական եզրակացության, Ժվանիան եւ նրան հյուրընկալած ընկերը զոհվել են շմոլ գազից` կենցաղային սարքի հետ սխալ վարվելու հետեւանքով: Բայց առկա է նաեւ ՀԴԲ քննիչների եզրակացությունը, որոնց վրացական կողմը որպես «անկախ կողմի» մասնակից էր դարձրել փորձաքննությանը: Մեջբերեմ ամերիկացիների եզրակացությունը. «Ստուգման ընթացքում պարզվեց, որ հարկաբաժնում շմոլ գազի մակարդակը նույնիսկ չի էլ մոտենում կրիտիկականին»:
Բացի դրանից, պարզվել է, որ Ժվանիայի եւ նրա ընկերոջ հարկաբաժնում չկա նրանց մատնահետքերը կրող որեւէ առարկա: Նշանակում է, կամ բոլոր հետքերը վերացվել են մեկ ուրիշի մատնահետքերը թաքցնելու նպատակով, կամ էլ վարչապետը եւ նրա ընկերը սպանվել են մեկ ուրիշ վայրում եւ տեղափոխվել այնտեղ, որտեղ նրանց գտել են:
- Վրացի պաշտոնական անձինք ինչպե՞ս դուրս եկան այդ իրավիճակից: Չէ որ ՀԴԲ-ն լուրջ կազմակերպություն է:
- Հիանալի դուրս եկան եւ բավական հեշտությամբ: Նրանք ՀԴԲ եզրակացության հիշյալ հատվածը թարգմանեցին այսպես. «Ստուգման ընթացքում պարզվեց, որ հարկաբաժնում շմոլ գազի մակարդակը ոչ միայն հասել, այլեւ էապես գերազանցել է կրիտիկական նշագիծը»:
ՀԴԲ պաշտոնական փաստաթուղթն այս ձեւով տարածվում է վրացական ԶԼՄ-ներում:
- Եթե դատենք ձեր խոսքերից, ապա Վրաստանում իրավիճակն այնքան էլ բարվոք չէ: Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը:
- Մենք հանրապետության բնակիչներին կոչ ենք անում պաշտոնանկ անել նախագահին եւ վստահություն չհայտնել երկրի ամբողջ ղեկավարությանը: Մենք պահանջում ենք նախագահի եւ խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ: Մոտ օրերս կհրապարակենք մեր պահանջները: Ի դեպ, մեզ հայտնի է դարձել Վրաստանի հատուկ ծառայությունների մտադրությունը. հանրապետության ղեկավարության առաջադրանքով նրանք մտադիր են իրականացնել մեր կուսակցության ակտիվիստների կանխիչ ձեռբակալություններ, որպեսզի երկրում թուլացնեն քաղաքական ակտիվությունը:
Պ. Ք.