Մի քանի օրիցՙ ապրիլի 26-ին կմեկնարկի «Ջազի օրեր» հինգերորդ փառատոնը ու կտեւի մինչեւ ապրիլի 30-ը: Հայաստանաբնակներին այս տարի կներկայացվեն ոչ միայն գործիքային կատարումներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, լինելու են ֆիլմերի ցուցադրումներ, պարային ջազ ներկայացում, «Ջազի գույներ» երիտասարդ նկարիչների մրցույթ եւ իհարկե հայ ու ամերիկացի ջազ երաժիշտների համերգներ:
Հայ հայտնի ջազ երաժիշտների հետ հանդես կգա Ջուդի Բեյդի քառյակը Նյու Յորքիցՙ ապրիլի 30-ին օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, ժամը 19-ին: Դրանից օր առաջ նույն թատրոնում, նույն ժամին կլինի ջազ շքերթ: Այս տարի առաջին անգամ հանդիսատեսին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կներկայացվի «Ամերիկյան սյուիտ» պարային ջազ ներկայացումըՙ ապրիլի 26-ին, ժամը 19-ին: Նույն օրը, նույն ժամին «Ջազի գույներն» էլ իրենց կտավներին կարձանագրեն երիտասարդ նկարիչները ամերիկյան ջազի հնչյունների ներքո ազգային էսթետիկ կենտրոնում: Ի դեպ, ցանկացողները կարող են տոմսերը ձեռք բերել երաժշտական կոմեդիայի եւ բալետի թատրոնների տոմսարկղերից:
Ն. Պ.