Սոչիի «Դագոմիս» առողջարանում մեկնարկել է շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունը: Մրցաշարի նկատմամբ մեր հատուկ հետաքրքրասիրությունը պայմանավորված է նրանով, որ տարբեր թիմերի կազմում ընդգրկված են նաեւ Հայաստանի լավագույն ներկայացուցիչները: Այսպես, ՌԴ անցյալ տարվա թիմային առաջնության չեմպիոն Տոմսկի «Տոմսկ-400» թիմը գլխավորում է աշխարհի գավաթակիր, Լինարեսի մրցաշարի հաղթող Լեւոն Արոնյանը, որն անցյալ տարի էլ հանդես եկավ այդ ակումբի կազմում` դառնալով նաեւ Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր: Արոնյանը կխաղա առաջին խաղատախտակի վրա, քանի որ նրա անհատական վարկանիշն (2756) ամենաբարձրն է իր թիմակիցների մեջ: Թիմի կազմում նախնական հայտում ընդգրկված են նաեւ Ալեքսանդր Մորոզեւիչը, Դմիտրի Յակովենկոն, Վիկտոր Բոլոգանը, Վլադիսլավ Տկաչովը, Պավել Սմիռնովը, Էռնեստո Ինարկիեւը եւ Յան Նեպոմնյաշչին:
Բացի Լեւոն Արոնյանից, թիմերի նախնական հայտերում հայտավորված են նաեւ մեր ուժեղագույն մյուս շախմատիստներից մի քանիսը: Այսպես, Չելյաբինսկի «Յուժնի Ուրալում» կխաղան Կարեն Ասրյանն ու Սմբատ Լպուտյանը: Այստեղ թիմը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը: Վլադիմիր Հակոբյանը հայտավորված է Սվերդլովսկի մարզի «Ուրալում»: Հակոբյանը հայտավորված է 3-րդ խաղատախտակին, իսկ առաջին երկուսի վրա կխաղան Ալեքսանդր Գրիշչուկը եւ Ալեքսեյ Շիրովը: «Մերիա» թիմի կազմում հայտավորված է Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա Արթուր Գաբրիելյանը:
ՌԴ տղամարդկանց թիմային առաջնությանը կմասնակցի 12 թիմ: Առաջին չորս տեղերը զբաղեցրած թիմերն իրավունք կստանան Ռուսաստանը ներկայացնելու Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությունում: Իսկ վերջին երեք տեղերը զբաղեցրած թիմերն իրենց տեղը կզիջեն բարձրագույն խմբում լավագույն արդյունքի հասած ակումբներին: Միավորների հաշվարկը կատարվելու է ելնելով մրցախաղերի արդյունքներից: Հաղթանակի դեպքում թիմին տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի դեպքում` 1: Հավասար միավորների դեպքում տեղը որոշելու համար հաշվի են առնվելու արդեն բոլոր պարտիաներում թիմի վաստակած միավորները:
Կանանց մրցաշարին կմասնակցի 13 թիմ: Հայ շախմատասերներն առանձնակի հետաքրքրությամբ կհետեւեն Չելյաբինսկի «Յուժնի Ուրալի» ելույթներին, քանի որ թիմի կազմում հանդես է գալու օրերս Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած Լիլիթ Մկրտչյանը: Լիլիթն անցյալ տարի էլ հանդես էր գալիս այս թիմի կազմում եւ դարձել էր մրցանակակիր:
Վլադիվոստոկի «Դեբյուտի» կազմում հայտավորված է Նաիրա Մովսիսյանը, իսկ Կարինա Համբարձումովան հանդես կգա Կազանի «Լադյայի» կազմում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ