ԼՂՀ Ազգային Ժողովը երեկ առաջին անգամ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով: Դրա նպատակահարմարությունը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բացատրեց ղարաբաղյան կարգավորման համար ուղենիշի հստակեցման անհրաժեշտությամբ: Նշենք, որ լսումներին մասնակցելու նպատակով Երեւանից ժամանել էին ՀՀ խորհրդարանի անդամներ` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռոստոմյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ քաղաքագետ- փորձագետներ:
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը կարեւորելով լսումները, նշեց, որ ղարաբաղյան հակամարտության էությունը արտահայտվում է արցախահայության իրավունքը չհարգելու մեջ: Միջազգային հանրությունը պարտադրում է հայկական կողմին ավելի մեծ զիջումների գնալ, որովհետեւ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, մինչդեռ հարեւան երկիրը որպես ագրեսիա ձեռնարկած երկիր` պիտի պատժվի: Այս համատեքստում նա անհրաժեշտ գտավ նաեւ վերահաստատել զինադադարի համաձայնագիրը: Ինչ որոշում էլ որ կայացվի Ղարաբաղի վերաբերյալ, պետք է ամրագրի մեր ժողովրդի կամքի արտահայտությունը, հայտարարեց Գ. Պետրոսյանը:
ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռոստոմյանը ափսոսանք հայտնեց, որ ժամանակին ճիշտ չի օգտագործվել խորհրդարանների դերը, անտեսվել է խորհրդարանական եւ ժողովրդական դիվանագիտությունը: Բանախոսի կարծիքով` այս առումով Ադրբեջանն առաջ է անցել:
Պատերազմը չի ավարտվել, այն պարզապես անցել է դիվանագիտական փուլ: Մարտավարական գլխավոր խնդիրը ըստ Ա. Ռոստոմյանի` Ադրբեջանի հետ բանակցությունների եւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի շարունակումն է:
«ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը հետեւյալ շեշտադրումներն արեց` միջազգային կառույցները պետք է բանակցեն նաեւ ԼՂՀ-ի հետ, քանզի ԼՂՀ-ն տարածաշրջանային անվտանգության համակարգում կարեւոր դեր ունի: Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններում չպիտի ինքնանպատակ լինի, անհրաժեշտ է որպեսզի հստակեցվեն ՀՀ եւ ԼՂՀ անելիքները: Եթե ազատագրված տարածքների վրա ԼՂՀ ինքնիշխանությունը չհաստատվի, այն կորակվի որպես ագրեսիա, ուստի այդ մասին պետք է ամրագրվի նաեւ առաջիկայում ընդունվելիք ԼՂՀ Սահմանադրությունում:
«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը կոչ արեց հակամարտող կողմերի ԶԼՄ-ներում դադարեցնել այլատյացության ու անհանդուրժողականության մթնոլորտը: Պատերազմելու տրամադրությունը վերացնելու ճիշտ ուղին, նրա կարծիքով, հակամարտությունը իրավական դաշտ բերելն է: Ինչ մնում է Բիշքեկի համաձայնագրի գնահատմանը, ապա Ա. Թովմասյանի ձեւակերպմամբ` այն ձեռնտու էր Ադրբեջանին:
«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը, որն ի դեպ վարում էր լսումները, մասնավորապես նույնպես խոսեց միջէթնիկական թշնամանքը չխրախուսելու անհրաժեշտության մասին, ասելով, որ պետք է կողմերը այս առումով միջազգային նորմերով պայմանավորված պարտավորություններ ստանձնեն:
Արտախորհրդարանական քաղաքական ուժերից կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը դեմ արտահայտվելով ԼՂՀ-ում կրկնակի հանրաքվե անցկացնելու պարտադրվող գաղափարին` միաժամանակ բացասական գնահատեց ադրբեջանցիների վերադարձը, քանզի դրանով վերջիններիս կողմից հող կնախապատրաստվի Ղարաբաղում ինքնասպան «շահիդների» ահաբեկչական ակտերի համար, որի առաջը դժվար կլինի առնել ԼՂՀ իշխանությունների համար: Փոխզիջումների վերաբերյալ նա տեսակետ հայտնեց, որ այդ հարցը պիտի հիմնավորվի փորձագետների կողմից, իսկ հավանության արժանանա Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի քաղաքական ուժերի ընդհանուր համաժողովում:
Հավելենք, որ ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ստորագրման համար բաց է նաեւ արտախորհրդարանական ուժերի համար:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԼՂՀ Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները 1991-1994թթ. ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայությունը որակում են հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանական Հանրապետության ագրեսիա, ԼՂՀ հետագա գործողությունները ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ինքնապաշտպանության դիմելու ժողովրդի անօտարելի իրավունքի կիրառում, իսկ հակամարտության գոտու ներկա իրողություններըՙ ադրբեջանական ագրեսիայի հետեւանք... Համոզմունք է հայտնում, որ միջազգային հանրության կողմից 1991թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական կամքի արտահայտությամբ ստեղծված ժողովրդավարական եւ կենսունակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ամբողջովին ներգրավվում է ժամանակակից իրողությունների շրջանակում եւ կդառնա տարածաշրջանային կայունության ու անվտանգության կարեւոր գործոն»:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ