Երեկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ստորագրեցին թմրանյութերի վերահսկման եւ իրավապաշտպանության բնագավառում Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների համագործակցության համաձայնագրի չորրորդ արձանագրությունը, ըստ որի Հայաստանին է տրամադրվում եւս 2 մլն 166 հազար 930 դոլարի լրացուցիչ աջակցություն:
2001-ին ստորագրված համաձայնագրի ընդհանուր նպատակը ՀՀ իրավապահ ոլորտի աշխատանքի արդյունավետ կազմակերպումն է, փոխադարձ համագործակցությունը խորհրդատվական օգնության եւ տեխնոլոգիաների ներդրման միջոցով:
Վերը նշվածից բացի` համաձայնագրի շրջանակում է ստեղծվել ԳԱԱ փորձագիտական ազգային լաբորատորիան: Անցյալ տարի համաձայնագրի 3-րդ լրացումը հնարավորություն է տվել ԱՄՆ կառավարության միջոցներով Հայաստանի ոստիկանության տարածքային համակարգչային ցանց ստեղծելու, զարգացնելու իրավապահ մարմինների գիտաուսումնական հաստատությունները, ակտիվացնելու պայքարը տրաֆիկինգի դեմ: Նոր լրացումը կնպաստի իրավապահ համակարգի տեխնիկական վերազինմանը, կադրերի ուսուցման բարելավմանը, հանցավորության դեմ պայքարի արդյունավետությանը:
Ըստ Ա. Հովսեփյանի` մոտ 7 մլն դոլարի աջակցություն է իրականացվել արդեն մեր իրավապահ մարմիններին:
Դեսպան Ջոն Էվանսը եւս նշեց համաձայնագրի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցությունը` կարեւորելով ժամանակակից տեխնիկական զինվածությամբ համակարգի դերը հանցավորության դեմ պայքարում:
Մ. Խ.