«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2006-04-20 | #73, 2006-04-21 | #74, 2006-04-22


ՓՈԽԱԴԱՐՁ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հայաստանի տարին Ռուսաստանում մեծապես ոգեւորում եւ հայրենիքի զորացման գործը կարեւորելու ավյուն է հաղորդում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին: Սրանում լիովին վստահ են միջոցառումների կազմակերպիչներն ու մասնակիցները: Նրանք երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրին, որ չափազանց շատ են Ռուսաստանի տարբեր քաղաքներից Հայաստանի տարվա շրջանակներում տեղի ուժերով միջոցառումներ կազմակերպելու առաջարկները, դրանցից պատշաճները, ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, ընդունվում են եւ իրագործվում: Մարտի 30-ից ապրիլի 10-ը «Ավանդույթների ծառ» ցուցահանդեսը ներկայացվել է Սանկտ Պետերբուրգումՙ տեղի հայ նկարիչների գործերով: Արվեստաբան Հենրիկ Իգիթյանի գնահատմամբՙ Ռուսաստանում հայտարարված Հայաստանի տարին նաեւ մեծ ստուգատես է երկրից դուրս առկա հայ ստեղծագործական ներուժի, ինչը լավագույնս արտացոլվել է ոչ միայն նշված ցուցահանդեսում եւ հիմք է ստեղծել գործնականորեն կարեւորելու խորհրդային տարիներին ունեցած համագործակցության ու միմյանց տեսակի ճանաչողության չափերը վերականգնելու: Բնականաբար մշակութային միջոցառումներով չի սահմանափակվում մի երկրի տարին մյուս երկրում եւ մեծ կարեւորություն ունի ճանաչողության, հաղորդակցության եւ բոլոր ոլորտներում ու տարբեր մակարդակներում համագործակցության հնարավոր լայն դաշտ ստեղծելու տեսանկյունից: Այս առումով ձեռքբերումներ կան, եւ ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ապրիլի 17-19-ը ՌԴ Ռոստովի մարզում անցկացված Հայաստանի օրերի ընթացքում դրսեւորվել են Նոր Նախիջեւան քաղաքիՙ ներկայում որպես ռուս-հայկական բարեկամության թանգարան գործող Սուրբ Խաչ հայկական եկեղեցին համայնքին վերադարձնելու, ինչպես նաեւ հարեւանությամբ գտնվող օրիորդաց վարժարանի երկհարկանի շենքը թանգարանին տրամադրելու պայմանավորվածությամբ:

ՌԴ-ում եւ Ֆրանսիայում Հայաստանի տարին եզրափակելուց հետո թե որ երկրում տարի կհռչակվի, դեռ պարզ չէ, քանի որ նման միջոցառումը քաղաքական մեծ հիմք էլ ունի, բայց տարվա միջոցառումների շրջանակում Հայաստանի հաջորդ օրերը կլինեն ՌԴ Սամարայի մարզում: Հաջողությունները ներկայացնելիս Վիգեն Սարգսյանը նաեւ ընդգծեց գլխավոր հովանավորներիՙ Ռուսաստանում գործող «Տաշիր Գրուպ», «Արմավիա» ընկերությունների, Երեւանի կոնյակի գործարանի դերը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4