Սոչիի «Դագոմիս» առողջարանում մեկնարկեց շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տարբեր թիմերում հանդես են գալիս նաեւ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մի քանիսը:
Տղամարդկանց մրցաշարում վստահ հաղթանակով մեկնարկեց անցյալ տարվա չեմպիոն Տոմսկի «Տոմսկ-400-ը», որը 5-1 հաշվով պարտության մատնեց «Էկոնոմիստին»: Թիմի մարզիչները հանգստանալու հնարավորություն էին ընձեռել Լեւոն Արոնյանին, որի բացակայության պայմաններում առաջին խաղատախտակի վրա հանդես եկավ Ալեքսանդր Մորոզեւիչը: Նա պարտության մատնեց Մոիսեենկոյին: Թիմին հաղթական միավորներ պարգեւեցին նաեւ Յակովենկոն, Բոլոգանը, Տկաչովը, իսկ Սմիռնովն ու Նեպոմնյաշչին պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:
«Յուժնի Ուրալի» կազմում հանդես եկան Կարեն Ասրյանն ու Սմբատ Լպուտյանը: Կարենն առաջին խաղատախտակի վրա ոչ-ոքի խաղաց Սուտովսկու հետ, իսկ 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Սմբատ Լպուտյանը հաղթեց Միտոնին: Հենց Սմբատի այդ հաղթանակն էլ ապահովեց թիմի ընդհանուր հաղթանակը «Մերիայի» նկատմամբ (3,5-2,5), քանի որ մնացած բոլոր պարտիաներում գրանցվել էր ոչ-ոքի: Այդ հաջողության շնորհիվ «Յուժնի Ուրալն» իր օգտին 2 միավոր գրանցեց եւ մեկնարկից ընդգրկվեց առաջատարների շարքը:
Իր թիմի` «Ուրալի» հաջողությանը մեծապես նպաստեց նաեւ Վլադիմիր Հակոբյանի տոնած հաղթանակը Բրոդսկու նկատմամբ: Հակոբյանը խաղում էր 3-րդ խաղատախտակի վրա: «Ուրալը» 3,5-2,5 հաշվով հաղթեց ՖԻՆԷԿ-ին: Վերջինիս կազմում 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսեյ Շիրովի հետ: Նշենք, որ բացի Հակոբյանից, «Ուրալում» հաղթանակ տարավ նաեւ Մալախովը, իսկ ահա Դրեեւը զիջեց Եվսեեւին:
Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի թիմի կազմում Սերգեյ Գրիգորյանցը ոչ-ոքի խաղաց Սորոկինի հետ, իսկ թիմը 4-2 հաշվով հաղթեց «Յունիլայնին»: Նույնպիսի հաշվով «Թերմոստեպսը» պարտության մատնեց «Լադային», իսկ «Լադյա-Կազան»-ՏՊՍ մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի (3-3):
Կանանց մրցաշարում հայ շախմատիստուհիներից հանդես եկավ միայն Նաիրա Մովսիսյանը: Նա «Դեբյուտի» կազմում 3-րդ խաղատախտակի վրա զիջեց Կոչետկովային: «Դեբյուտն» անհաջող մեկնարկեց` 0,5-3,5 հաշվով պարտվելով «Յուժնի Ուրալին»: Առաջին տուրում մեծ հետաքրքրություն էր առաջացրել աշխարհի նախկին չեմպիոնուհի, բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովայի եւ մինչեւ 20 տարեկան շախմատիստուհիների աշխարհի ներկայիս չեմպիոնուհի, գերմանուհի Էլիզաբեթ Պյոտցի մրցախաղը: Նախօրեին ծննդյան օրը նշած բուլղարուհին հաղթեց եւ ինքն իրեն լավ նվեր մատուցեց:
Կանանց մրցաշարի մյուս մրցախաղերի արդյունքներն այսպիսին են. ABC-«Էկոնոմիստ»` 3-1, «Չերնոզեմյե»-ԳՇԿ` 2-2, «Նեֆտեքիմ-Տոմիչկա»-«Լադյա»` 1-3, ՌԳՍՈւ-«Չիգորինի անվան ակումբ»` 1,5-2,5, ՖԻՆԷԿ-1-ՖԻՆԷԿ-2` 3-1:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ