«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2006-04-20 | #73, 2006-04-21 | #74, 2006-04-22


ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԿԼԻՆԻ

Ապրիլի 25-30-ը Մոսկվայում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Առաջնությունների անցկացման պատմության մեջ առաջին անգամ մի մրցաշարում պարգեւները կվիճարկեն կանայք, ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբիշները: Մոսկովյան առաջնությունը մասնակիցների քանակով ռեկորդային կլինի: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 39 երկրների 392 մարզիկներ: Բացի այդ, Եվրոպայի առաջնության ընթացքին հետեւելու ցանկություն են հայտնել ԱՄՆ-ի, Իրանի, Կորեայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները:

Եվրոպայի առաջնությանը լրջորեն են նախապատրաստվել նաեւ Հայաստանի ըմբիշները, որոնք ուսումնամարզական հավաք են անցկացրել Սոչիում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել են Վահան Սիմոնյանը (55 կգ), Արմեն Կարապետյանը (60 կգ), երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Սուրեն Մանուկյանը (66 կգ), աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մրցանակակիր Հարություն Ենոքյանը (74 կգ), Ռուսաստանից հրավիրված Եվրոպայի չեմպիոն Ռուսլան Կոկաեւը (74 կգ), Վադիմ Լալիեւը (84 կգ), Շամիլ Գրիտինով (96 կգ) եւ գերծանրքաշային Ռուսլան Բասիեւը:

Բավական ներկայացուցչական կազմ ունի նաեւ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: Թիմի կազմում ընդգրկված են երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը, որը երկու անգամ էլ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի: 60 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր, Եվրոպայի առաջնության չեմպիոն եւ բրոնզե մեդալակիր Կարեն Մնացականյանը: Պատրաստվում են մրցագորգ դուրս գալ նաեւ ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային բազում մրցաշարերի մրցանակակիր Վահրամ Հունանյանը (66 կգ), Մխիթար Հունանյանը (74 կգ), Տիգրան Սահակյանը (84 կգ), Ռոբերտ Պետրոսյանը (96 կգ), Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը:

Նշենք, որ ռուսաստանցի մարզիկների մասնակցության հարցն առայժմ վերջնականապես լուծված չէ, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4