«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2006-04-21 | #74, 2006-04-22 | #75, 2006-04-26


ԲՈՒՇԻ ԽՈՍՔՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՓՈԽԱՐԵՆՙ «ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՈՒՄՆԵՐ»

«Այսօր մենք հիշում ենք 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկըՙ 1915 թ. Օսմանյան կայսրության վերջին օրերին մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանություններն ու բռնի տեղահանումները: Սա ողբերգություն էր համայն մարդկության համար, որը մենք եւ աշխարհը երբեք չպետք է մոռանանք», համաձայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ինտերնետային կայքէջի, ապրիլի 24-ի առնչությամբ իր խոսքը նման տողերով է սկսել Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը:

Թեեւ Բուշն այս անգամ էլ չի օգտագործել ցեղասպանություն բառը, սակայն Մ. Նահանգների նախագահի խոսքում նշվել է մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանության ու բռնի տեղահանության մասին:

Գովեստի խոսքեր ուղղելով հայ եւ թուրք այն անհատներին, ովքեր փորձել են «անկեղծ ու շիտակ վերհանել այդ ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները», Ջորջ Բուշն իր խրախուսանքն է հայտնել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման եւ 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների միասնական ընկալման ուղղությամբ երկխոսությանը:

«Հայաստանի հետ ստորագրված Հազարամյակի մարտահրավերների համաձայնագիրն արտացոլում է մեր վստահությունն ու այն կարեւորությունը, որ մենք տալիս ենք Հայաստանինՙ ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի ու ազատ շուկաների զարգացման հարցում... Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի խաղաղ ու տեւական կարգավորման գաղափարին ու հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները վճռական քայլեր կձեռնարկեն այս նպատակին հասնելու համար», նշել է Մ. Նահանգների նախագահը:

Փաստորեն Բուշն անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներից վճռական ակնկալիք է հնչեցնում, ինչը վերջին ժամանակներս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մ. Նահանգների որոշակի ակտիվության ֆոնին կարող է նշանակալի դառնալ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4