«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2006-04-21 | #74, 2006-04-22 | #75, 2006-04-26


ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՅՔԱՐԻ ՁԵՎ

«Ֆյուրերի գործի հետեւորդները Ռուսաստանի քաղաքները զավթում են շատ ավելի արագ, քան ֆաշիստական զորքերը 41-ի աշնանը», ազդարարում է մոսկովյան թերթերից մեկը տեղացի 17-ամյա ուսանող Վահան (որոշ տվյալներով` Վիգեն) Աբրահամյանցի սպանության կապակցությամբ:

Ի՞նչն է ապշեցնում այս հերթական նողկալի հանցագործության մեջ` իր լկտիությամբ եզակի հանդգնությունը, որ անտարակույս, հետեւանք է անպատիժ մնալու վստահության: Այդ են վկայում նաեւ հրապարակումների վերնագրերը` «Ուսանողին մորթել են տասնյակ մարդկանց աչքի առաջ», «Սպանում են, նստում վագոն ու մեկնում», «Հիտլերը գրավում է Մոսկվան» եւ այլն:

Իսկն ասած, նույնիսկ անիմաստ է դառնում նկարագրել դեպքի մանրամասնությունները, այնքան անմիտ ու ցինիկ է դա իր էությամբ: Հիրավի անհավատալի է. օրը ցերեկով, քաղաքի ամենա-ամենակենտրոնական «Պուշկինսկայա» մետրոկայարանում, բազում մարդկանց ներկայությամբ, տեսախցիկների հսկողության ներքո, կրոնական տոնի կապակցությամբ ուժեղացված պահպանության առկայությամբ լերկ գլխով ստահակը դանակով մահացու հարված է հասցնում իր հասակակցին միայն այն պատճառով, որ նրա մաշկն ավելի թուխ է: Ողբերգությունն այն է, որ այսօր Ռուսաստանում սպանում են մարդկանց միայն մաշկի գույնի համար. եթե մեկը գրգռվում է այդ հանգամանքից, ապա մյուսին դուր չի գալիս դիմացինի աչքերի կտրվածքը, երրորդին` սանրվածքը, չորրորդին` հագուստը եւ այլն:

Այն տպավորությունն է ստեղծվում, որ ռուսները եւ հատկապես նրանց ոչ բարձրագույն խավը բնազդաբար զգում են, որ իրենց հետ ինչ-որ բան է կատարվում, որ իրենք կորցնում են ազգային ինքնագիտակցության զգացումը, հոգեւոր լիցքը, բարոյական հենքը, որ նվազում-մեռնում են, դառնում են անդեմ ու անողնաշար: Եվ ընդունում են պայքարի ամենապրիմիտիվ, ամենակենդանական ձեւը...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4