Երեկ Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեն Թբիլիսիում միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական նոր համաձայնագիր են ստորագրել: Վրացական աղբյուրների փոխանցմամբ, համաձայնագրով հանվում է Վրաստանից Հայաստան տրանսպորտային հաղորդակցության վճարումների կարգը:
Ներկա պահին Վրաստանից Հայաստան մուտք գործող բեռնատար եւ ուղեւորատար տրանսպորտը վճարում է 200-280 դոլար, մարդատար ավտոմեքենաներըՙ 18-20 դոլար: Համաձայնագրով նախատեսվում է բեռնափոխադրումների համար տուրքերի վերացում: Հիշեցնենք, որ Վրաստանը ճանապարհային հիմնադրամ նշված վճարների վերացումն իրագործել է դեռեւս 2005 թ. հունվարի 1-ից եւ սպասվում է, որ հայաստանյան կողմի նմանօրինակ քայլն ուժի մեջ կմտնի այս տարի:
Նման քայլերն ընդհանուր առմամբ ուղղված են տնտեսական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, ինչի համատեքստում հետաքրքրական է, որ հունիսին ծրագրվում է անցկացնել հայ-վրացական բիզնես ֆորումը:
Ա. Հ.