«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2006-04-21 | #74, 2006-04-22 | #75, 2006-04-26


ԵՐԿՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ՞

Նորմալ պետություններում անակնկալներն անընդունելի են

Իշխող վերնախավի ներքին հակադրությունները այնքան տեսանելի են դարձել, որ անգամ արտապատկերվում են արտերկրի մամուլում: Դա չէր անհանգստացնի, եթե միայն ներքին դաշտում առաջնությունների տիրապետման խնդիր լիներ: Պատգամավորներից մեկի շատ դիպուկ բնորոշումը, թեՙ 2007-ին կոալիցիայի ուժերից յուրաքանչյուրը բյուջեն քաշելու է իր վրա (այլ խոսքով` բյուջեն հարմարեցնելու է իր նպատակներին)` շատ կոնկրետ եւ շատ ավելի ցավագին դրսեւորումներ է ունենում հիմա եւ ոչ բյուջեի խնդրով` սա արդեն վերջին շրջանի նոնսենսներից է եւ բավական մտահոգիչ պատկեր:

Այն, որ ՕԵ-ն եւ հիմնականում հանրապետականը հակադրվում էին մասնավորեցման ծրագրի հաշվետվության քննարկման ժամանակ, դեռ էլի ոչինչ, դա տեղավորվում էր նախանախընտրական տարվա տրամաբանության մեջ: Բայց նախագահ Քոչարյանի արձագանքը ԱԺ խոսնակի` «Ֆրանկֆուրտեր ալլգեմայնե ցայտունգ» թերթի հարցազրույցի մի շարք մտքերին, ցույց է տալիս, որ հակադրությունները կարող են տեղափոխվել նաեւ մինչեւ միջպետական հարաբերություններ, ինչը գործնականում կայացած պետություններում համարյա թե չի պատահում: Նորմալ երկրներում ամեն ինչ եւ ամեն խոսք երկրի առաջին դեմքերի միջեւ համաձայնեցված է կատարվում եւ արտաբերվում. անակնկալներն անընդունելի են:

Իսկ թե ինչպե՞ս է պատահում, որ մեր առաջին դեմքերից երկուսը, այն էլ հեռակա, այն էլ երկրի ընտրած ուղու վերաբերյալ, տարաձայնություններ ունեն. դա լավ բան չի ասում տվյալ պետության մասին: ԱԺ խոսնակի` գերմանական թերթի հարցազրույցի որոշ մտքեր նախագահ Քոչարյանն անվանել է խոսնակի փոփոխված տեսակետներ, քանի որ վերջինիս հետ նախագահն ամեն շաբաթ տեսնվել է, եւ դրանք մինչ այդ ծանոթ չեն եղել նրան եւ խիստ զարմացել է` ծանոթանալով դրանց:

Ո՞ր մտքերի մասին է խոսքը. Ա. Բաղդասարյան. «Հայաստանի ապագան ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն են, այդ ճանապարհին մենք պետք է Ռուսաստանի բարեկամը մնանք, բայց նաեւ Ռուսաստանը չպետք է կանգնի դեպի Եվրոպա մեր ճանապարհին»: Սրանից բացի ԱԺ խոսնակն ասել էր, թե հայ-ռուսական հարաբերությունները պետք է նոր մակարդակի անցնեն` միայն արտաքնապես չլինեն, այլ բովանդակություն ունենան, էներգետիկ ռեսուրսները չպետք է զենք դառնան եւ այլն:

Այս մտքերը տպագրվել են ապրիլի 19-ին: Ապրիլի 22-ին «Գոլոս»-ի թղթակցի հարցին պատասխանելիս նախագահ Քոչարյանը կտրուկ էր. Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը չի փոխվել` մեր երկիրը մտադիր չէ մտնել ՆԱՏՕ, հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցությունը եւ Ռուսաստանի հետ բարձր մակարդակի ռազմատեխնիկական համագործակցությունը բավարար չափով լուծում են երկրի անվտանգության ապահովման խնդիրը: Հայաստանը պատրաստվում է ավելի ամուր գործակցել ԵՄ-ի հետ «Նոր հարեւանություն» ծրագրի գործողությունների պլանով, բայց Հայաստանը չի ձեւակերպել Եվրոպական միություն մտնելու խնդիրը: Ըստ նախագահ Քոչարյանի` Հայաստանի եվրատլանտյան ամբիցիաները հավասարակշռված են, ռեալիստական, եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պրոբլեմ չեն ստեղծում: Իսկ մեր երկրի տեսակետները միանման հնչեցվում են ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Վաշինգտոնում, ե՛ւ Բրյուսելում:

Իսկ Ա. Բաղդասարյանի այն տեսակետը, թե մեկ անգամ եւս եթե այնպիսի կեղծիքներ լինեն, ինչպես նախորդ ընտրություններում, մեր երկրում մեծ ցնցումներ կլինեն` դեռ համապատասխան արձագանքի կարժանանան, քանի որ նախագահ Քոչարյանը խոստացել է. «Արժե սպասել ԱԺ խոսնակի բացատրություններին»` նրա փոփոխված տեսակետների վերաբերյալ: Հավանաբար տարընթերցումներ կառաջացնեն նաեւ ԼՂՀ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱԺ խոսնակի տեսակետները, քանի որ դրանք եւս ընդդիմախոսների պակաս չեն ունենա:

Այսօր մամուլը լցված կլինի նախագահ Քոչարյանի` մամուլում տպված տեսակետով անուղղակի խրախուսանք ստացած ԱԺ խոսնակի հարցազրույցը դատապարտող քաղաքական գործիչների խոսքով: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ, կարեւորը շատ ավելի էական մի բան է. մի՞թե կարելի է երկրի արտաքին քաղաքականությունը դարձնել տարընթերցումների առարկա: Միթե երկրիՙ մի քանի տարի իրար հետ աշխատող նախագահն ու ԱԺ խոսնակը ժամանակ չեն գտնում արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետները փոխհամաձայնեցնելու, որպեսզի նրանց հեռակա հաղորդակցությունը երկիրը ծիծաղելի վիճակի մեջ չդնի, անլրջության տարր չներմուծի հանդեպ ընդհանրապես Հայաստան պետության արտաքին քաղաքականության հայեցակարգը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4