«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2006-04-21 | #74, 2006-04-22 | #75, 2006-04-26


ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱ՞Ն ՀԱՐՁԱԿՈՒՄ

Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի առողջական վիճակը լավ է

Հայաստանի կինոգործիչների միության քարտուղար, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի առողջական վիճակը լավ է: Նա առայժմ գտնվում է Մոսկվայում ու մասնակցում է Ազգային կինեմատոգրաֆիայի համաժողովին: Կիրակի օրըՙ ապրիլի 23-ի երեկոյան, մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանի անցումումՙ «Ակադեմիչսկայա» հյուրանոցի մոտ, ուր իջեւանել է Միքայել Դովլաթյանը, անհայտ երիտասարդներ հարձակում են գործել, շշով հարվածել նրա գլխին ու փախել:

Կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի ղեկավարներն ու համաժողովի մասնակիցները փաստի առնչությամբ իրենց դժգոհությունն ու վրդովմունքն են արտահայտել եւ բողոքի նամակով դիմել են Ռուսաստանի եւ Մոսկվայի իշխանություններին. «Ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ Միքայել Դովլաթյանի հետ կատարվածը եւ նման դեպքերն ամենաբացասական կերպով կարող են անդրադառնալ հումանիտար համագործակցության զարգացման վրա»: Նամակը ստորագրել են Վրաստանի, Ղրղզստանի, Լիտվայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միությունների նախագահները:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի հավաստմամբ, հայ կինոգործիչների վրդովմունքն է առաջացրել Մոսկվայում իրենց գործընկերոջՙ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի հետ պատահածը. «Պարզապես խուլիգանական, ստոր արարք է, որի նմանները Մոսկվայում պատահում են տասը րոպեն մեկ»: Երեկ երեկոյան, ի նշան օրերս Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած 17-ամյա Վիգեն Աբրահամյանցի սպանության հետաքննության արդյունքներին անհամաձայնության, Նովի Արբատ-Սադովոյե կոլցո խաչմերուկը փակած մոսկվաբնակ շուրջ 100 մեր հայրենակիցներն իրենց դժգոհությունն ու վրդովմունքն են հայտնել նաեւ Միքայել Դովլաթյանի հետ պատահածի առնչությամբ:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4