Համաձայն ռուս-վրացական պայմանավորվածության, Ռուսաստանն սկսել է Վրաստանի տարածքումՙ Սամցխե-Ջավախքում տեղակայված ռուսական 62-րդ ռազմական բազայի դուրսբերումը: Ախալքալաքից ստացվող տեղեկությունների համաձայն, այդ քաղաքում տեղակայված բազայի ռազմական տեխնիկայի հեռացումն առաջացրել է տարածաշրջանի հայ բնակչության դժգոհությունը:
Ախալքալաքի բնակիչները փակել են ռազմական ավտոմեքենաների ճանապարհըՙ հիմնականում այն պատճառաբանությամբ, թե մինչ ռազմաբազայի դուրսբերումը Վրաստանը պետք է ապահովի տեղի բնակչությանն աշխատանքով եւ միջոցներ ձեռնարկի հայ բնակչության անվտանգության ուղղությամբ:
Այն, որ Ջավախքի հայ բնակչությունը սեփական անվտանգությունն ու ամբողջապես գործազուրկ չդառնալու հեռանկարը որոշակի առումով կապում է ռուսական ռազմաբազայի առկայության հետ, կարելի է հասկանալ: Սակայն դժվար է հասկանալ, թե ինչու վրաց-ռուսական հարաբերությունների բավականին վիճահարույց դիրքում հայտնվել են հատկապես հայերը: Իրավիճակն այնպիսին է, որ հայերն ակամա փորձելով պաշտպանել սեփական շահերը, հանդես են գալիս ընդդեմ վրաց պետության շահերի եւ կողմ ռուսական ներկայության: Այսինքնՙ որոշակի առումով հայ բնակչության իրավունքների պաշտպանության փորձերը տեղավորվում են ռուս-վրացական կոնֆլիկտային հարաբերությունների հարթության մեջՙ բնավ չնպաստելով նույն այդ իրավունքների պաշտպանությանն ու ապահովմանը:
Ա. Հ.