«Վրաստանի հազարամյակի մարտահրավերների հիմնադրամ» կազմակերպության տեղեկացմամբ, Վրաստանը հետագա 5 տարիներին իրավունք չունի վաճառելու մայրուղային գազատարը: Այս պայմանն է դրվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Վրաստանին միջոցներ հատկացնելու ժամանակ: Այդ ծրագրի շրջանակներում Վրաստանը կստանա 295 մլն դոլար, որը կծախսվի 4 նախագծի վրաՙ Վրաստանի հարավում Ախալցխե-Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհի շինարարության, երկրի մայրուղային գազատարի եւ էներգահամակարգի վերանորոգման, ենթակառուցվածքի եւ գյուղատնտեսության զարգացման համար: Հիշեցնենք, որ Վրաստանի մայրուղային գազատարի վաճառքի դեպքում ամենահավանական գնորդ է նշվում ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, որին բացահայտորեն դեմ է Միացյալ Նահանգները: Թերեւս դա է պատճառը, որ առայժմ 5 տարի ժամկետով այդ հարցը փակված է: