Սոչիի «Դագոմիս» առողջարանում շարունակվում է շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում 6 տուրից հետո առաջատարը 10 միավոր վաստակած Սվերդլովսկի «Ուրալն» է, որի կազմում հանդես է գալիս Վլադիմիր Հակոբյանը: 6-րդ տուրում «Ուրալը» ոչ-ոքի խաղաց Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի թիմի հետ: 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը զիջեց Կոբալիային: Հակոբյանը թիմի կազմում 5 հանդիպում է անցկացրել` ցույց տալով 50 տոկոսանոց արդյունք (2,5 միավոր): 4-րդ տուրում նա հաղթեց Անատոլի Կարպովին:
Գործող չեմպիոն «Տոմսկ-400-ը» մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց` 2,5-3,5 հաշվով զիջելով «Յուժնի Ուրալին»: Վերջինիս կազմում թիմի հաղթանակն ապահովեց Սմբատ Լպուտյանը` պարտության մատնելով Բոլոգանին: Մյուս 5 պարտիաներն, այդ թվում Ասրյանի եւ Յակովենկոյի մրցավեճը, ավարտվեցին ոչ-ոքի: Լպուտյանը բավական հաջող է խաղում «Յուժնի Ուրալում»: Անցկացրած 5 պարտիաներից 2-ում Սմբատը հաղթել է, 3-ն ավարտել է ոչ-ոքի: Իսկ Ասրյանն առայժմ բոլոր 6 մրցախաղերում էլ մրցակիցների հետ խաղաղ դաշն է կնքել: Արոնյանն այս տուրում չմասնակցեց «Տոմսկ-400-ի» մրցախաղին: Նա 4 պարտիաներում 2,5 միավոր է պարգեւել իր թիմին: «Տոմսկ-400-ը» 8 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Յուժնի Ուրալն» ունի 7 միավոր եւ ընթանում է 5-րդ տեղում:
Սերգեյ Մովսիսյանը ՖԻՆԷԿ-ի կազմում 2-րդ խաղատախտակի վրա մասնակցելով բոլոր 6 հանդիպումներին, վաստակել է 3,5 միավոր: Վատ հանդես չեն գալիս նաեւ հայազգի շախմատիստներ Սերգեյ Գրիգորյանցը (ՇՖՄ) եւ Արթուր Գաբրիելյանը («Մերիա»)` 2,5-ական միավոր:
Կանանց մրցաշարում առայժմ առանց միավորի կորստի է ընթանում ABC-ն, որը հաղթել է բոլոր 6 մրցախաղերում: 6-րդ տուրում ABC-ն 3-1 հաշվով պարտության մատնեց ՌԳՍՈՒ-ին: Առաջատարին մեկ միավորով զիջում է ՖԻՆԷԿ-1-ը: 3-րդ հորիզոնականը 10 միավորով զբաղեցնում է Չելյաբինսկի «Յուժնի Ուրալը», որի կազմում է Եվրոպայի բրոնզե մրցանակակիր Լիլիթ Մկրտչյանը: «Լադիայի» հետ մրցախաղում «Յուժնի Ուրալը» 3-1 հաշվով հաղթեց: Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Չիստյակովային: Լիլիթը 3-րդ տուրից է հանդես գալիս այս մրցաշարում եւ կրկին իր բարձրության վրա է: 4 հնարավորից նա վաստակել է 3,5 միավոր:
«Դեբյուտի» կազմում է Նաիրա Մովսիսյանը: Նա առայժմ վստահ չի խաղում. վեց պարտիաներից չորսում պարտություն է կրել: Մովսիսյանը վաստակել է 1,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ