«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2006-04-22 | #75, 2006-04-26 | #76, 2006-04-27


ԳԱՎԱԹԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ «ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներից հետո հայտնի դարձան պատվավոր մրցանակի երկու գլխավոր հավակնորդները: Հատկապես դրամատիկ պայքար ծավալվեց «Բանանցի» եւ «Փյունիկի» մրցախաղում: Առաջին հանդիպումն ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով (1-0): Պատասխան խաղում «Բանանցը» բավական ակտիվ խաղ ցուցադրեց եւ արդեն 31-րդ րոպեին Արամ Հակոբյանի խփած երկու գոլերի շնորհիվ խաղը շահում էր 2-0 հաշվով, ինչը ձեռնտու էր Նիկոլայ Կիսելյովի սաներին: 5 րոպե անց «Փյունիկը» հաշիվը կրճատելու հիանալի հնարավորություն ստացավ, սակայն Աղվան Մկրտչյանի 11 մ հարվածը հետ մղեց «Բանանցի» դարպասապահ Ռադաջան:

Թվում էր, թե այս անհաջողությունը թեւաթափ կանի փյունիկցիներին: Բայց ընդմիջումից հետո չեմպիոնը նոր թափ հաղորդեց գրոհներին: «Բանանցը» հիմնականում մտահոգված էր սեփական դարպասի պաշտպանությամբ, միեւնույն ժամանակ հարմար առիթ էր փնտրում վտանգավոր հակագրոհներ կազմակերպելու: Դրանցից մեկի ժամանակ էլ 81-րդ րոպեին «Բանանցի» ռմբարկու Արամ Հակոբյանը կարող էր հաղթական վերջակետ դնել հանդիպմանը` թիմին եզրափակիչի ուղեգիր պարգեւելով: Սակայն նա դուրս գալով հարվածային դիրք, չկարողացավ գրավել Կասպարովի պաշտպանած դարպասը: Եվ ինչպես հաճախ է պատահում ֆուտբոլում, հատուցումը չուշացավ: Աղվան Մկրտչյանը քավեց իր մեղքը եւ դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը: 2-1 հաշիվը եզրափակիչի ուղեգիր էր ապահովում «Փյունիկին» ի հաշիվ մրցակցի դաշտում խփած միակ գոլի: «Փյունիկին» հաջողվեց պահպանել իրեն ձեռնտու հաշիվը եւ եզրափակիչի ուղեգիր նվաճել:

Կիսաեզրափակիչ մյուս խաղում «Միկան» կրկին հաղթեց «Կիլիկիային»` այս անգամ բավարարվելով ընդամենը մեկ գոլով (առաջին խաղում գրանցվել էր 3-0 հաշիվ): Միակ գոլը հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին իր օգտին գրանցեց Տիգրան Դավթյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4