Ռուսաստանի հայերի միությունն առաջարկում է իշխանությանը եւ իրավապահ մարմիններին համատեղ մշակել ազգային հողի վրա հանցագործությունների կանխարգելման եւ ազգայնական դրսեւորումներին արդյունավետ հակազդելու մեխանիզմ: Ըստ ռուսական լրատվամիջոցների, փոխանցմամբ, Մոսկվայում երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Աբրահամյանը նշել է նաեւ, որ վերջին ժամանակներս Ռուսաստանում ազգային հիմքով սպանությունների թիվը մեծացել է, տարվա միայն առաջին եռամսյակում Ռուսաստանում սպանվել է Հայաստանի 5 քաղաքացի, այդ թվումՙ ապրիլի 22-ին տեղի ունեցած 17-ամյա հայ տղայի սպանությունը: Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքերով, պետք է սպասել նախաքննության ավարտին, բայց եթե այդ ամենում եղել են ազգային տարրեր, ապա այդ մասին պետք չէ լռել, քանի որ միայն այդ կերպ կկանխվեն նմանօրինակ հանցագործությունները:
Արա Աբրահամյանի կարծիքով, ազգային ատելություն եւ թշնամանք առաջացնող նման գործողություններն ընդհանուր առմամբ վատացնում են ժողովուրդների հարաբերությունները, ինչը հստակորեն դեմ է նաեւ Ռուսաստանի շահերին: Ուստի հանցագործությունները, որ կատարվում են ազգային եւ կրոնական հիմքով, պետք է խստորեն պատժվեն: «Անպատժելիությունը կամ նման հանցագործությունների որակումը որպես խուլիգանություն միայն խրախուսում է ֆաշիստ տղեկներին եւ նրանց հովանավորներին»:
«Ռուսաստանը միայն ռուսների համար» սադրիչ կարգախոսն, ըստ ՌՀՄ նախագահի, կործանարար է բազմազգ Ռուսաստանի համար, քանի որ նման ֆաշիստական դրսեւորումներն ազգայնամոլության եւ քսենոֆոբիայի օգտագործմամբ կարող են քանդել պետությունը: «Ռուսաստանը մեր ընդհանուր բազմազգ տունն է, եւ մենք բոլորս ենք պատասխանատու, որ այդ տանը բոլորն ապրեն խաղաղության եւ համերաշխության մթնոլորտում, բարեկեցության եւ բարգավաճման պայմաններում», նշել է Արա Աբրահամյանը:
Արա Աբրահամյանը մեկ անգամ եւս հավաստել է, որ Ռուսաստանի հայերի միությունը հետեւողական կլինի ապրիլի 22-ին տեղի ունեցած սպանության նախաքննությանը: Միեւնույն ժամանակ ՌՀՄ-ն առաջարկում է հասարակական եւ ազգային կազմակերպությունների «կլոր սեղան» անցկացնելՙ քննարկելու իրավապահ մարմինների հետ աշխատելու այն տարբերակները, որոնց դեպքում հնարավոր կլինի քսենոֆոբիայի դեմ պայքարի համատեղ մեխանիզմ մշակել:
Աբրահամյանի կարծիքով, Ռուսաստանն այժմ բախվում է բավականին լուրջ մի խնդրի, եւ որքան շուտ հասարակությունը, պետական կառույցները գիտակցեն ազգային եւ կրոնական ատելության ծնած վտանգի մասշտաբները, այդքան շուտ հանրությունը կբուժվի այդ հիվանդությունից:
Որպես Ռուսաստանի հայերի միության եւ իշխանությունների համագործակցության լավ օրինակ, Արա Աբրահամյանը բերել է Կրասնոդարի օրինակը, որտեղ ազգային հարցը բավականին սուր էր: Ներկայումս Կրասնոդարի երկրամասում գործող ՌՀՄ 67 ստորաբաժանումների եւ տեղական իշխանությունների համագործակցությամբ երկրամասում պակասել են ազգային հիմքով սպանությունները:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ