Երեկ ՀՀ-ԼՂՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահները հրավիրել էին ճեպազրույցՙ լրագրողներին ներկայացնելու հանձնաժողովի ստեփանակերտյան նիստերի արդյունքները:
ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը գնահատելով երկօրյա աշխատանքի արդյունքներըՙ հատկանշեց այն գործնական մթնոլորտը, որ տիրում էր քննարկումների ընթացքում: Իսկ քննարկվել են օրենսդրական, քաղաքական, հասարակական ոլորտների, ինչպես նաեւ ԼՂՀ սահմանադրության մշակման ընթացակարգի ու ղարաբաղյան կարգավորման հարցեր: Դրանց նկատմամբ երկու հայկական պետությունների խորհրդարանականների մոտեցումները նույնական են եղել:
Ընդունելով այս տեսակետըՙ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը միաժամանակ կարեւորեց ՀՀ-ԼՂՀ տնտեսական ինտեգրման որակը բարձրացնելու հարցը, որին նույնպես անդրադարձել էին հանձնաժողովի անդամները: Անցկացված նիստերը բնավ արարողակարգային չէին, ինչը սովորաբար դրսեւորվում է տարբեր երկրների խորհրդարանների շփումների ժամանակ: Որակով ու մոտեցումներով դրանք չէին զիջում խորհրդարանական մեծ փորձ ունեցող երկրների օրենսդիրների հետ իրենց ունեցած շփումներին:
Տիգրան Թորոսյանը նաեւ իրազեկեց, որ հանձնաժողովի նիստերի ժամանակացույցը պահպանելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ արտակարգ դեպքերում կհրավիրվեն նաեւ արտահերթ նիստեր:
Թեեւ ճեպազրույցի համար քիչ ժամանակ էր հատկացված, լրագրողներին հնարավորություն տրվեց որոշ հարցեր ուղղելու հանձնաժողովի համանախագահներին: Մասնավորապես պատասխանելով լրագրողների հարցադրմանը, թե ԼՂՀ խորհրդարանի անդամները ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում կարո՞ղ են մասնակցել եվրոպական կառույցների միջոցառումներին, Տիգրան Թորոսյանը նշեց, որ Եվրոխորհուրդը, ԵԽԽՎ-ն, Եվրոմիությունը եւ Եվրոխորհրդարանը հակամարտության լուծմամբ չեն զբաղվում: Այս համատեքստում նա կարեւորեց ԵԽԽՎ այն բանաձեւերը, որոնք հակամարտող կողմերին ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալու կոչ են պարունակում: Կոնկրետ հարցի վերաբերյալ Տ. Թորոսյանն ասաց, որ այդ կառույցների հետ համագործակցությունը նախատեսում է միայն ՀՀ խորհրդարանականների մասնակցությունը, եւ ԼՂՀ ԱԺ անդամները չեն կարող մասնակցել դրանց: Այս պարագայում իրենք կարող են քննարկման ընդունել եւ համապատասխան կառույցում ներկայացնել արցախցի իրենց գործընկերների առաջարկությունները:
Անդրադառնալով Իլհամ Ալիեւի օրերս արած հերթական հայտարարությանը տարածքային ամբողջականության առաջնայնության մասին, Տ. Թորոսյանն ասաց, որ նման հայտարարությունները հարեւան երկրում հաճախ են հնչում, սակայն ադրբեջանցի խորհրդարանականների հետ իր բազմաթիվ շփումները հուշում ենՙ Ադրբեջանում եւս լավ են հասկանում, որ տարածքային ամբողջականությունը կապ չունի Ղարաբաղի հետ, այստեղ առկա է միայն ինքնորոշման սկզբունքը:
«Ազգի» թղթակիցը հիմք ունենալով այն հանգամանքը, որ ԼՂՀ-ում մեկ տարուց ավելի գործում է սահմանադրության մշակման հանձնաժողով, որը ոչ միայն արդեն հրապարակել է սահմանադրության հայեցակարգը, այլեւ պատրաստվել են առաջին երկու գլուխները, մասնավորապես սահմանադրական կարգի հիմունքների ու մարդու, քաղաքացու հիմնական իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների մասերովՙ հարց ուղղեց, թե միջխորհրդարանական համագործակցության շրջանակում ՀՀ խորհրդարանը կոնկրետ ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ ԼՂՀ սահմանադրության մշակման գործընթացում: Տ. Թորոսյանը հարցի պատասխանը վերապահեց իր արցախցի գործընկերոջը: ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռ. Հյուսնունցն ասաց, որ նախատեսվում է մինչեւ տարեվերջ պատրաստել սահմանադրության 8 գլուխներով ամբողջական փաթեթը, որոնց վերաբերյալ իրենց եզրակացությունները կտան ՀՀ խորհրդարանի փորձագետները:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հավելյալ հարց տվեցՙ արդյոք ԼՂՀ սահմանադրությունը նմա՞ն է լինելու հայաստանյան տարբերակին: Ռ. Հյուսնունցը նշեց, որ նմանություններ անշուշտ լինելու են, քանզի ԼՂՀ-ն գտնվում է նույն օրենսդրական դաշտում, սակայն անպայման հաշվի են առնվելու ղարաբաղյան առանձնահատկությունները:
ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հաջորդ նիստը, ինչպես տեղեկացրեց Արցախի խորհրդարանի փոխնախագահը, տեղի է ունենալու աշնանը Երեւանում:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ