Մոսկվայում տարածվել է ՌՀՄ հայտարարությունը
Երեկ «Ազգը» տեղեկացրեց այլատյացության եւ ծայրահեղականության դեմ իշխանությունների եւ իրավապահ մարմինների համատեղ պայքարի ծավալման անհրաժեշտության վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մասին: Ինտերֆաքս գործակալությունը նշում է, որ Աբրահամյանն առաջարկել է Մոսկվայում ստեղծել այլատյացության եւ ծայրահեղականության դրսեւորումներին հակազդող մշտական հասարակական մարմին:
Նախատեսվում է մշտապես գործող «Կլոր սեղանի» հանդիպումներն անցկացնել 1-2 ամիսը մեկ:
«Եթե այսօր կոնկրետ եւ ներգործուն միջոցներ չձեռնարկվեն, ապա իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ ի վերջո մարդիկ իրենք կմտածեն ինքնապաշտպանության մասին, կմիավորվեն եւ հակահարված կտան ֆաշիստներին», ասել է Արա Աբրահամյանն Ինտերֆաքսի թղթակցին:
Լուրջ մտահոգություն հարուցող վերջին դեպքն ապրիլի 23-ի երեկոյան ՌԴ 17-ամյա հայ քաղաքացի Վիգեն Աբրահամյանցի սպանությունն է Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում: Ինտերֆաքս գործակալության կենտրոնական գրասենյակում հինգշաբթի օրը տարածված մամլո տեղեկագրում մասնավորապես նշվում է, որ «ազգային եւ ռասայական հողի վրա մերթ ընդ մերթ նման նողկալի միջադեպեր են տեղի ունենում Ռուսաստանում, որը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների հետ 1945 թ. մայիսին ջախջախեց ֆաշիզմը»:
ՌՀՄ-ում ընդգծում են, որ նմանօրինակ հանցագործությունները ՌԴ դատարաններում հաճախ ներկայացվում են որպես «մանր խուլիգանություն»:
Տարածված փաստաթղթում հաղորդվում է, որ միայն այս տարվա 4 ամիսներին Ռուսաստանում ազգային եւ կրոնական հողի վրա կատարվել է 100-ից ավելի հարձակում, սպանվել է 14 մարդ, 92 ուրիշներ ստացել են լուրջ վնասվածքներ ու վերքեր:
«Ռուսաստանում ծայրահեղ ազգայնական շարժման աշխուժացման նպատակն է հարուցել ազգային փոքրամասնությունների հակազդեցությունը, հրահրել զանգվածային անկարգություններ, առաջացնել քաղաքական անկայունություն, քաղաքացիական պատերազմ եւ ի վերջո փլուզել բուն Ռուսաստանը», ընդգծվում է մամլո տեղեկագրում:
Վիգեն Աբրահամյանցի ընտանիքի փաստաբան Սիմոն Ծատուրյանը կտրականապես հերքում է մոսկվացի որոշ իրավապահների այն պնդումը, թե սպանությունն իբր կատարվել է կենցաղային հողի վրա: Ինտերֆաքսի կազմակերպած մամլո ասուլիսում նա տեղեկացրել է, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել ըստ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի (խմբակային սպանություն), որտեղ խոսվում է ռասայական եւ ազգային ատելության մասին:
Միջինասիացի ներգաղթյալների շահերը ներկայացնող իրավապաշտպան Գավհար Ջուրաեւան իր հերթին ասել է, որ միայն ապրիլին ծայրահեղականներն արդեն չորս հարձակում են կատարել միջինասիացիների վրա: Նրա խոսքերով, ազգային անհանդուրժողականությունը «Ռուսաստանի քաղցկեղային ուռուցքն է, որը հարկավոր է բուժել»:
Պ. ՔԵՇԻՇՅԱՆ