«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2006-04-28 | #78, 2006-04-29 | #79, 2006-05-02


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՍՏԱՆԱԼ

Ապրիլի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ժամանել էր Ստեփանակերտ: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ԼՂՀ նախագահի, Աժ անդամների եւ արտգործնախարարի հետ: Այս հանդիպումների վերաբերյալ, ի բացառյալ ԼՂՀ ԱԳՆ-ի, համապատասխան մամուլի ծառայությունները լրատվամիջոցներին համառոտ տեղեկություններ են փոխանցել, համաձայն որոնց քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հարցեր:

Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը Վարդան Օսկանյանին է հանձնել օրեր առաջ Ստեփանակերտում անցկացված խորհրդարանական լսումներում պատգամավորական խումբ-խմբակցությունների ընդունած համատեղ հայտարարության տեքստը, որը, ի դեպ, ստորագրել է նաեւ արտախորհրդարանական Կոմկուսը: Միաժամանակ պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ արտգործնախարարին:

Թե ինչ հարցեր են տրվել նրան, կարելի է միայն ենթադրել: Իսկ ահա Արցախի պետհամալսարան հանդիպմանը Վ. Օսկանյանը հնարավորինս բաց է եղել:

ՀՀ արտաքին գործերի նախարարը խոստովանել է, որ հանդիպումն իր նախաձեռնությամբ է անցկացվում, եւ դա նախ իրեն է պետք: Այն տպավորությունը կար, որ Վ. Օսկանյանը ղարաբաղցի ուսանողության որոշ անհանգստություններ, կապված կարգավորման վերջին զարգացումների հետ, փարատելու խնդիր էր դրել: Համենայն դեպս, իր նախաբան խոսքում նա շտապեց վստահեցնել, որ ԼՂՀ հետագա կարգավիճակի որեւէ տարբերակ բացառում է Արցախի ենթակայությունը Ադրբեջանին: Պատմության անիվը շրջել անհնար է, ասաց արտգործնախարարը, Լեռնային Ղարաբաղը հանրաքվեով ամրագրելով ու պատերազմում հաղթելովՙ հաստատել է իր անկախության իրավունքը: Այդ ժամանակաընթացքում ԼՂՀ-ում նոր սերունդ է մեծացել, որին չի կարելի Ադրբեջանի ենթակայության տակ դնել, քանզի այդ սերունդը չգիտի ինչ է Ադրբեջանը:

Փոխզիջումների վերաբերյալ նա ասաց, որ դա բավականին բարդ հարց է, քանզի փոխադարձ զիջումները միայն բանակցությունների արդյունքում են լինում: Անվտանգության առումով զիջելու տեղ չունենք, հավաստիացրեց արտգործնախարարը, կա այսպես կոչված կարմիր գիծ, որից այն կողմ հնարավոր չէ անցնել: Անվտանգություն, անկախություն եւ ՀՀ-ի հետ անխափան կապ. այս երեքն, ըստ Վ. Օսկանյանի, չեն մտնում զիջումների մեջ:

ՀՀ քաղաքական պատասխանատուներն ի՞նչ են արել բանակցություններում ԼՂՀ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Այս հարցի պատասխանն արտգործնախարարը կապեց Ադրբեջանի բացասական դիրքորոշման հետ: Բացի այդ, ասաց Վ. Օսկանյանը, Հայաստանի Հանրապետության նախագահը ե՛ւ տեղացի է, եւ՛ մասնակից է եղել բոլոր գործընթացներին ու այդ առաքելությունն իր վրա է վերցրել:

Արդյոք բանակցությունները Ռամբույեից հետո փակուղի՞ են մտել: Վ. Օսկանյանը իրավիճակը ձեւակերպեց իբրեւ կիսափակուղային եւ ավելացրեց, որ քայլեր են արվում դրանք վերակենդանացնելու: Մայիս ամիսը ղարաբաղյան կարգավորման գործում ակտիվ է լինելու, եւ դրանով է կանխորոշվելու երկու նախագահների հնարավոր հանդիպումը հունիսին:

Հակամարտության կարգավորման ուրիշ ի՞նչ ուղի կա պատերազմից զատ: Ի պատասխան ուսանողների այս հարցինՙ ՀՀ արտգործնախարարը շեշտեց բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները չեն խրախուսում միջնորդները, եւ այդ մասին արդեն խոսվում է ոչ կուլիսների հետեւում: Ղարաբաղյան հարցը չի կարող այլեւս ռազմական լուծում ստանալ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հավատացած է, որ եթե Ադրբեջանը նույնիսկ գնա այդ ճանապարհով, ապա հարցի լուծումը միայն հայերի օգտին է լինելու, որովհետեւ մենք ուժեղ բանակ ունենք:

Հնարավո՞ր է, որ Հայաստանի Հանրապետությունը որեւէ փուլում ճանաչի ԼՂՀ անկախությունը: Վ. Օսկանյանն ասաց, որ հայկական կողմը «հարգում է խաղի կանոնները», բայց եթե Ադրբեջանը փորձի փոխել այսօր համընդունելի կանոնները, ապա Հայաստանը նույնպես կգնա դրան: Դա կլինի ԼՂՀ ճանաչում, թե այլ ինչՙ կախված է լինելու ստեղծված իրավիճակից:

ՀՀ արտգործնախարարը նաեւ գնահատել է խորհրդարանական լսումներում պատգամավորական խումբ-խմբակցությունների ընդունած համատեղ հայտարարությունը, նշելով, որ դա օգտակար փաստաթուղթ կլինի բանակցությունների ժամանակ:

Ուսանողների խնդրանքով Վ. Օսկանյանն անդրադարձավ կոսովյան ու ղարաբաղյան հիմնախնդիրների աղերսներին: Բոլոր հակամարտություններն ունեն նմանություններ ու տարբերություններ, նշեց նա: Կոսովոյի անկախացումը կուժեղացնի մեր հիմնավորումները, սակայն մենք հակված չենք դա տեսնելու որպես հիմնական տարբերակ:

Մեկ այլ հարց, որ հնչեցրեց ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանը, վերաբերում էր ղարաբաղյան շարժման մի խումբ ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի դատարանների կողմից անօրեն կերպով պատժիչ որոշումներ ընդունելուն եւ միջազգային հետախուզում հայտարարելուն, որի կապակցությամբ այդ անձինք ներկայումս չեն կարողանում արտասահման մեկնել: Այս առնչությամբ Վ. Օսկանյանը տեղեկացրեց, որ Ինտերպոլի հետ բանակցություններ են վարվումՙ կասեցնելու այդ անօրեն դատավճիռների գործողությունները, եւ հույս հայտնեց, որ առաջիկայում հարցը դրական լուծում կստանա:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4