«Կասկածում եմ, որ Բաղդասարյանը նկատի է ունեցել 2003-ի համապետական ընտրությունները, քանի որ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը այն հիմնական կուսակցություններից էր, որ սատարում էր Ռոբերտ Քոչարյանին: Իսկ 2003-ի խորհրդարանական ընտրությունների, քաղաքական համաձայնության ձեռք բերման արդյունքում Բաղդասարյանը զբաղեցրեց ԱԺ նախագահի պաշտոնը, եւ այս երեք տարիների ընթացքում երկրում տեղի ունեցած բոլոր գործընթացներին թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում ՕԵԿ-ը ունեցել է ակտիվ մասնակցություն, հետեւաբար ունի եւ պատասխանատվության իր բաժինը»: Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գերմանական պարբերականին Արթուր Բաղդասարյանի տված հարցազրույցի առնչությամբ: Այդուամենայնիվ իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքի ձեռքբերումները թիմային աշխատանքի արդյունք գնահատելով, առանձնացրեց ժողովրդի սոցիալական իրավիճակի բարելավվումը եւ ՀՀ ու ԼՂ անվտանգության ապահովումը:
Վարչապետի հարցազրույցը տեղ է գտել իր ղեկավարած Հանրապետական կուսակցության կայքէջում, որի թարմացումն ընդամենը տեղեկացման ավելի ժամանակակից միջոցներ տրամադրելու միտումով է բացատրել կուսակցության ղեկավարը: Իսկ ՀՀԿ գործունեությունն ազգային պետության կառուցմանն է ուղղված, որի համար հիմք ընտրված Գարեգին Նժդեհի ուսմունքն, ըստ նրա, ամենեւին էլ ժամանակավրեպ չէ: ՀՀԿ-ն մոտ 30 հազար ներկայացուցիչ ունի եւ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու է միայն խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց էլ ներկայում պատրաստվում է: ՀՀԿ ղեկավարի խոսքերով, այս ընտրություններն էլ նախորդվելու են կուսակցության արտահերթ համագումարով:
Ջավախք
Ներկայիս ծանր սոցիալական պայմանները ընդհանուր են Ջավախքի եւ ողջ Վրաստանի համար: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել Ջավախքում իրականացվելիք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին: Ցավոք, վրացական կողմը մինչ այժմ խոստումներից այն կողմ չի անցել: Հազարամյակի մարտահրավերի ծրագրում ներառված Ջավախքի ճանապարհների վերականգնման աշխատանքները իրականացվելու են մոտակա երկու տարիներին: Այնտեղ աշխատատեղերի ստեղծումը հույժ առաջնային է դառնում ռուսական ռազմաբազաների դուրսբերման համատեքստում: Այսպիսի կարծիք հայտնելով, վարչապետը նշել է, որ չնայած քաղաքական խնդիրների ու պահանջների ներկայացման ժամանակը չէ, այնուամենայնիվ եթե Վրաստանում քննարկման դրվի սահմանադրության կամ օրենքի այնպիսի նախագիծ, որով նախատեսվի դաշնային պետության մոդել, ապա այդ դեպքում, իհարկե, պետք է հաշվի առնվի նաեւ Ջավախքի հարցը:
ԼՂՀ հիմնախնդիր
Ռամբույեում ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցությունները չեն ձախողվել, այլ պարզապես համաձայնություն ձեռք չի բերվել հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքների վերաբերյալ: ԼՂՀ-ն չպետք է լինի Ադրբեջանի կազմում, պետք է ապահովվի ԼՂՀ բնակչչության անվտանգությունը, ԼՂ-ն եւ ՀՀ-ն պետք է ընդհանուր սահման ունենան, ԼՂՀ հարցի կարգավորումը չպետք է տեղի ունենա Հայաստանի սահմանների փոփոխման հաշվին, եւ հարցի խաղաղ կարգավորման գործընթացում ԼՂՀ-ն պետք է հանդես գա որպես բանակցային կողմ: Սա է ՀՀԿ դիրքորոշումը ԼՂՀ խնդրի կարգավորման առնչությամբ:
Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններ
Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները միշտ էլ բարդ են եղել եւ ներառել են թե՛ սառեցման, թե՛ սրման պահեր: Չնայած ներկայիս լարված հարաբերություններին, Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ չեն իրականացվի: Այսպիսի գնահատական տալով, ՀՀ վարչապետն ընդգծել է Իրան-Հայաստան ժողովուրդների դարավոր բարեկամության փաստը, եւ մեզ համար ծանր տարիներին Իրանի ցուցաբերած աջակցությունը: Փաստելով, որ Իրանը կայուն քաղաքականություն է վարում տարածաշրջանում, Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է, որ մենք պետք է աջակցենք այդ քաղաքականության շարունակմանը, իսկ Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը այդ երկրների խնդիրն է:
Հայաստան-Թուրքիա
Այս հարաբերությունները հայկական կողմից կարող են սկսվել առանց նախապայմանների, մինչդեռ Թուրքիան անընդունելի պայմաններ է առաջադրում: Սահմանների բացման առնչությամբ վարչապետն ասել է, որ դա մեծ հնարավորություն կտա տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու, եւ որ եւս մեկ երկրի հետ տնտեսական հարաբերությունները մեր երկրի տնտեսությանը չեն վնասի: Պարզապես անհրաժեշտ կլինեն որոշակի վերադասավորումներ մեր տնտեսական գործունեության մեջ: Սակայն դեռեւս հաշվարկված չէ հնարավոր ապրանքաշրջանառության ծավալը, հստակեցված չէ ներմուծվելիք ապրանքների տեսականին:
Ն. Պ.